Երգող Արցախ ծրագիրը շարունակվում է

  • 17:27 23.07.2024

Շուշիի Վարանդա մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախումբը հիմնադրվել է 1992թ., Շուշիի Արամ Մանուկյան վարժարանում, լիբանանահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանի կողմից: Երգչախումբը հիմադրման օրվանից բազմաթիվ համերգներով ելույթներ է ունեցել Արցախի տարբեր շրջաններում, զորամասերում, դպրոցներում, Հայաստանում և Լիբանանի Համազգայինի Կարկաչ մանկապատանեկան և Այգ երիտասարդական երգչախմբերի հետ: Խմբի մասին պատրաստվել են վավերագրական ֆիլմեր:

2004թ. երգչախումբը ձայնագրել է “Բերդաքաղաք” խտասալիկը, կատարել հայ դասական հոգևոր խմբերգերի մի ընտրանի: 2012թ.` երգչախմբի 20-ամյակի առթիվ պատրաստվել է երգչախմբի ստեղծագործական տարեգրության մասին պատմող Հրաչ Թոքաթլյանի “Երգող ամառներ” վավերագրական ֆիլմը:

“Շուշին կորցնելուց հետո Ստեփանակերտում իրականացրի “Երգող Արցախ” ծրագիրը, որին մասնակցեցին 120-ից ավել երեխաներ: Այդ օրերին նպատակ էր դրված այդ դժվարին պատերազմի մեջ գտնվող երեխաների հետ լինել, երգի ճամփով նրանց ժպիտ պարգևել: Երգը, երաժշտությունն ինչ-որ տեղ նաև բուժիչ հատկություն ունի: Այսօր  երգչախումբը և՜ Երևանում, և՜ Լիբանանում համերգներ է կազմակերպում: Նախախնամությունն ինձ առաջնորդեց, որպեսզի կարողանամ ծրագիրն իրականացնել Երևանում: Ուրախ եմ ասելու, որ ավելի քան 80 երեխա գրանցվել են, որոնց հետ առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի ժամը 3-ին: Մենք սիրով կսպասենք արցախցի` երաժշտական լսողություն ունեցող երեխաներին: Մենք ունենք մշակութային զարգացման ծրագիր, որի շրջանակներում այցելություններ ենք կատարելու տարբեր մշակութային վայրեր, որպեսզի հաճելին և օգտակարը համատեղենք: Պիտի կարողանանք մինչև Արցախ վերադարձը շարունակել ծրագիրը”, ասել է step1.amին Զաքար Քեշիշյանը։

Տաթեւ Ազիզյան

f