Արցախից բռնի տեղահանված 3550 մարդ արդեն դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նրանից 2100-ին նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
ՀՀ կառավարության բնակապահովման աջակցության ծրագրի հաստատումից հետո ակնկալվում էր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող արցախցիների թիվը կտրուկ կաճի։ Բնակապահովման ծրագրի շահառու դառնալու պարտադիր պահանջներից մեկը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։
Հարցին, թե դիմելիության ցուցանիշը ցա՞ծր է, սպասելի՞ էր այս իրավիճակը, Նելլի Դավթյանն ասաց, որ կանխատեսումներ չունեն, թե որքան հոսք պետք է լիներ։ «Միայն կարող եմ խոսել երեք եւ ավելի անչափահաս երեխա ունեցող մարդկանց խմբի մասին, ովքեր բնակապահովման առաջին փուլի շահառուներն են։ Այդ խմբի գերակշիռ մեծամասնությունը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- ասաց նա։
Անձնագրային ծառայություններում մեծ հերթերը շարունակվում են։ Նելլի Դավթյանը նշեց, որ աշխատանք է տարվել ու տարվում հերթերը մեղմելու ուղղությամբ։
«Արցախցիներից ստացվող քաղաքացիության դիմումների հետ կապված մեծ ծանրաբեռնվածություն չկա։ Բայց ծանրաբեռնվածություն կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց այլ ծառայություններ մատուցելու իմաստով։ Խոսքն անձնագրերի փոխանակման դիմումների մասին է, ժամանակավոր պաշտպանության վկայականի ստացման, հաշվառման հասցեի փոփոխման։ Մարդիկ հիմնականում ժամանակավոր կացարաններում են բնակվում, եւ բնակվելու վայրի հետ կապված սոցիալական աջակցության տեսակներ կան, որոնք անպայման ֆիքսում են յուրաքանչյուր տեղափոխություն։ Նաեւ 2022 թվականին տրամադրված 80 հազար անձնագրերի ժամկետն է լրացել, քանի որ դրանք երկու տարով էին տրամադրվել, հիմա նաեւ այդ հոսքն ենք սպասարկում։ Նաեւ միգրացիոն ընդհանուր աշխուժությունն է անդրադառնում պահանջարկի աճի վրա, բայց հերթերի մասով նախորդ տարիների համեմատ մենք որոշակի ծանրաբեռնվածության թոթափում արձանագրում ենք։ Եվ ելքի կնիքի կարգավորման չեղարկումն է ազդել դրա վրա, եւ այլ կարգավորումները»,- ասաց Նելլի Դավթյանը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: