Արցախ-Տաշիր, Աշան-Նորաշեն. Երեխաների և թոռների խաղաղ ապագայի երաշխիքներեն պետք

  • 15:50 31.07.2024

2023 թվականի սեպտեմբերին բռնագաղթված արցախցիների 16 ընտանիքներ հաստատվել են Լոռու մարզի Տաշիր համայնքի Նորաշեն գյուղում։ Այստեղ նրանց առաջարկվել է բնակարան և պայմաններ՝ սեփական տնտեսություն ստեղծելու համար։

Հովիկ Վարդանյանը պնդում է, որ «Տաշիրում բնությունն ու կլիման նման են մեր հայրենի հողերին, ուստի մինչև Արցախ վերադառնալը կմնանք այստեղ», -ասում է նա։

Տղամարդը հազիվ զսպում է արցունքը՝ հիշելով իր հայրենի Աշանը. լեփ-լեցուն տունը, հարազատների գերեզմանները, որոնց մասին ոչ ոք այլևս չի հոգում։

«Ես երբեք չեմ հաշտվելու այս կորուստի հետ։ Եթե ​​վերադարձի նվազագույն հնարավորություն լինի, ես դա կանեմ։ Նույնիսկ եթե ստիպված լինեմ ամեն ինչ սկսել զրոյից: Մենք չպետք է հաշտվենք այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ մեզ հետ»։

Նրա կինը՝ Զեմֆիրա Վարդանյանը, արցախյան գաղթը համեմատում է Ղարաբաղյան շարժման սկզբում Բաքվի դեպքերի հետ։ Այն ժամանակ նա իր ընտանիքի հետ ստիպված եղավ լքել Բաքվի իրենց տունը, երբ սկսվեցին հայ բնակչության ջարդերը։

«Դեռ հիշում եմ, թե ինչ դժվարությամբ մենք կարողացանք փախչել, և ինչպես մեր գրկում, ցրտին, փրկեցինք կրտսեր քրոջս, միայն հասցնելով նրան վերմակով փաթաթել։ Հետո նույն բանն ապրեցի Արցախից գաղթի ժամանակ։ Մենք պատրաստ էինք դիմանալ բոլոր դժվարություններին, պատրաստվել էինք սովին եւ երկար շրջափակման, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ տեղահանություն կլինի, իսկ հրաժարման դեպքում կվտանգեինք մեր երեխաների կյանքը։ Նորից ստիպված էի վերմակի մեջ փաթաթել, այս անգամ թոռներիս։ Եվ կրկին, իմ ընտանիքի հետ, պիտի դժվար ճանապարհ անցնեի դեպի փրկություն»:

Նորաշենում Վարդանյանները, ինչպես արցախցի բոլոր ընտանիքները, սկսեցին ամեն ինչ նորովի ստեղծել՝ տունը կարգի բերել, տնտեսություն ստեղծել։ Ավագ Վարդանյանների բախտը բերել է. նրանք կարողացել են աշխատանք գտնել տեղի դպրոցում։ Բայց որդիները ստիպված են այստեղ-այնտեղ գումար վաստակել՝ իրենց ընտանիքը ապահովելու համար։

«Նոյեմբեր ամսից ամուսնուս հետ աշխատանքի ենք ընդունվել Արծնի գյուղի միջնակարգ դպրոցում։ Մեր բախտը բերեց, քանի որ համայնքը մեր առարկաներից ուսուցիչների կարիք ուներ: Ամուսինս ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, ես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ եմ։ Դպրոցը գտնվում է հարևան Արծնի գյուղում, ճանապարհն անբարեկարգ է, ուստի ուսուցիչները դժկամությամբ են գնում աշխատանքի։ ՀՀ կառավարության որոշմամբ, բացի աշխատավարձից, ստանում ենք նաեւ հավելավճար։ Ուսուցչական կազմը մեզ սիրալիր ընդունեց, ինչի համար շնորհակալ ենք բոլորին»։

Ի դեպ, Նորաշենում արցախցիներին տրամադրվել են դատարկ տներ, որոնց տերերը տարիներ առաջ մեկնել էին այլ երկրներում աշխատելու։

Տաշիր համայնքում հաստատված բոլոր արցախյան ընտանիքները որպես հիմնական խնդիր նշում են կայուն աշխատավարձով աշխատանքի բացակայությունը։ Բայց կենսապայմանները և սեփական տնտեսություն ստեղծելու հնարավորությունը դրական հանգամանքներ են։ Նաև Արցախի ներքին տեղահանվածների բնակարանաշինության պետական ​​ծրագրով Նորաշենում բնակարան ձեռք բերելու համար նախատեսված է 4 մլն.։

Հովիկ Վարդանյանը պնդում է, որ եթե օգտվեն այս ծրագրից, հենց Նորաշենում բնակարան կգնեն. «Այստեղ նույնքան գեղեցիկ է, որքան Արցախում։ Մեզ նաև այնպիսի տուն է պետք, որ բոլորը տեղավորվեն։ Արցախից գաղթից հետո հասկացանք, որ բոլորս պետք է իրար մոտ մնանք»։

Բայց Տիկին Զեմֆիրայի հոգում տագնապ կա. «Այսօր մենք դեռ չենք որոշել, արդյո՞ք գնելու ենք բնակարան, քանի որ առաջին հերթին կցանկանայինք վերադառնալ հայրենիք։ Մի անգամ Բաքվում կորցրի տունս, հետո կորցրի Արցախում։ Երաշխիքներ չկան, որ մենք այստեղ էլ ամեն ինչ չենք կորցնի”։

Կնոջ համար կարևոր է անվտանգության հարցը, նա պահանջում է «երեխաների և թոռների խաղաղ ապագայի երաշխիքներ».

«Ինձ նման հասարակ մարդիկ՝ հայ, ադրբեջանցի, լեզգիներ, ավարներ, մի խոսքով բոլոր ազգերի, չէին ցանկանա, որ իրավիճակը սրվի։ Ոչ մի մայր երեխա չի մեծացնում պատերազմի համար։ Ես պատերազմի համար չեմ որդի ունեցել։ Գիտե՞ք որքան դժվար է, անկախ ազգությունից, երեխային արթնացնելը, երբ մարտական տագնապ է։ Չգիտես, թե արդյո՞ք որդիդ կվերադառնա, բայց ուղարկում ես դիրքեր, քանի որ այդպես է պետք: Բայց ո՞ւմ է դա պետք։ Բոլորս կմեռնենք, երկու մետր հող կստանանք։ Ո՞ւմ է դա պետք, չգիտեմ: Թող «իշխանությունները» դադարեցնեն այս արյունահեղությունը։ Թող մի բան անեն, որ մենք ապրենք»։

Ալվարդ Գրիգորյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

f