ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի 10 սկաուտներից կազմված խումբը հուլիսի 13-ից 19-ը մասնակցել է Շվեդիայում կազմակերպված միջցամաքային համաբանակումի, որին ներկա էին 10 երկրների պատվիրակություններ։ Բանակումն անց է կացվել Վասար-Օ սկաուտական կղզում։ Արցախցի սկաուտների համար դա երկրորդ ճանապարհորդությունն է այլ երկիր, և այս անգամ ևս նրանք հիանալի տպավորություններով են վերադարձել Հայաստան․ նոր բացահայտումներ, նոր ծանոթությունններ ու հագեցված օրեր․․․ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Սանդրա Վարդանյանը Հայաստանի պատվիրակության հետ մեկնել էր Շվեդիա և ամեն մի հարցում երիտասարդների կողքին էր՝ պատրաստ օժանդակելու ընթացիկ աշխատանքներին։
Վիկտորիա Մկրտչյան
-Մեր խմբում 19 հոգի էինք, 10-ը՝ Արցախից, 9-ը՝ Հայաստանից և մեկ հոգի Հայաստանի վարչությունից։ Մեր օրերը շատ բովանդակալից էին, ու մոտ մեկ շաբաթ տևած բանակումի ընթացքում շուրջ 170 մասնակից առաջնորդվել է սկաուտների ամենակարևոր կարգախոսներից մեկով՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Կարգապահությունն ու մաքրությունը ճամբարում առաջնային կարևորություն ունեն ու մեզանից յուրաքանչյուրը հավատարիմ է մնացել այդ կանոններին։ Վառ տպավորություններով, նոր գիտելիքներով ու հմտություններով ենք վերադարձել տուն:
Լիլիթ Բաղդասարյան
-Շատ մեծ սպասելիքներ ունեինք, ու կարելի է ասել, որ մեր բոլոր սպասելիքներն արդարացվել են, քանի որ ծրագիրն ու պատասխանատուների կազմը շատ լավն էր։ Մեր երկրորդ ճանապարհորդությունն էր՝ Լիբանանից հետո։ Շրջափակման պատճառով չենք կարողացել մասնակցել մի շարք ծրագրերի։ Վերջին ՀՄԸՄ բանակումին, որ տեղի է ունեցել Բյուրականում, մենք միացանք օնլայն։
Շվեդիան մեզ համար բացահայտումների երկիր էր՝ իր մշակույթով և բնությամբ։ Թեկուզ բոլորս հայ էինք, բայց ներկայացնում էինք տարբեր երկրների մշակույթ։ Ոչ մի նմանություն չունեինք իրար հետ և զարմանքով էինք հետևում միմյանց, որը նույնպես հետաքրքիր էր։ Ծրագիրը հագեցած էր։ Բանակումը կազմակերպվել է հենց սկաուտական կղզում, ու երբ իմացել ենք այդ կղզու պատմությունը, մեծ հպարտություն զգացինք, որ մասնակիցն ենք այդ ծրագրի։ Այդ օրերի ընթացքում կարողացանք լրիվությամբ բացահայտել կղզին, եղանք նրա ամեն մի մասում։ Մթնոլորտը շատ անկաշկանդ էր ու մենք՝ որպես արցախցի, միշտ ուշադրության կենտրոնում էինք։ Այդ օրերը մեզ համար տպավորիչ ու անմոռանալի կմնան։
Լիզա Գրիգորյան
-Ծրագրի ամենահետաքրքիր մասը անվանաքարտեր (բեյջ) ստանալն էր, որը տրամադրվում էր ըստ մեր ունեցած ունակությունների։ Սկաուտները ակտիվություն էին ցուցաբերում, որ հաղթող ճանաչվեն՝ ճաշ պատրաստելու, թիավարելու, մագլցելու, լեռնագնացության, ձեռագործ աշխատանքների և այլ հմտությունների համար։ Կազմակերպվում էին տարբեր մրցույթներ, խաղեր, արշավներ։ Մեզ համար հետաքրքիր ու համով էին նաև շվեդական ճաշատեսակները։
Բանակումի փակումից հետո կազմակերպվել է տոնախմբություն, երեկոյան խարույկահանդես։ Տպավորիչ էին ազգային պարերը, որ ներկայացվել են այդ օրը։ Բոլորն էլ հայեր էին, սակայն բոլորի մոտ ամեն ինչ ուրիշ էր՝ անգամ հագուկապը, կյանքին նայելը։ Պարերն էլ մատուցվում էին յուրովի։ Միևնույն ժամանակ ուրախալի էր, որ երիտասարդներից յուրաքանչյուրը՝ ծնվելով եվրոպական տարբեր երկրներում, միևնույն է, իրենց հայ են համարում, խոսում հայերեն և հպարտանում իրենց ծագմամբ։ Այդ օրը Արցախի վերաբերյալ երգեր հնչեցին, և յուրաքանչյուրի դեմքին ցավ էր նկատվում։ Ու մենք կրկին համոզվեցինք, որ Արցախի կորուստը համընդհանուր ցավ է։ Տպավորիչ էր վերջին օրվա ընդհանուր աղոթքի ծիսակատարությունը։
Արցախցի սկաուտներն ավարտեցին հերթական բանակումը և, իհարկե, սպասում են նոր բանակումների կազմակերպման, որոնք հոգեպես ու ֆիզիկապես կրթվելու, հայրենիքի համար պիտանի լինելու ևս մի հնարավորություն է նրանց համար։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: