“”Ասկերանցիներ” համայնքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպության կողմից կյանքի կոչված “Վերածնունդ” ծրագրի շրաջանակներում Common Ground Books & Spirits-ում կազմակերպվեց հերթական միջոցառումը՝ Արցախյան փախլավայի պատրաստման վարպետաց դասը։ ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանը, ողջունելով հյուրերին, մաղթեց վարպետաց դասի հաջող ընթացք ու արցախյան փախլավայի բարի վայելում։
Ծրագրի շահառու Իդա Պողոսյանը արցախյան անուշահամ փախլավայի պատրաստման վարպետաց դաս անցկացրեց մի խումբ հյուրերի համար, որոնք շատ էին ցանկանում սովորել արցախյան փախլավա թխելը և իմանալ պատրաստման գաղտնիքներն ու նրբությունները։ Իդան իր բաղադրատոմսով փախլավա է թխում արդեն 5 տարի։ Նա ասում է, որ իսկական փախլավան պետք է ընկույզով լինի և ներկայացնում է փախլավայի բաղադրիչները։
-Ինձ համար փախլավան բոլոր թխվածքների թագուհին է, իսկ Արցախյան փախլավա թխելը մի իսկական ստեղծագործություն։ Նրա պատրաստումը պահանջում է շատ նուրբ աշխատանք, որի մեջ պետք է ներդնել մեծ սեր,- ասում է Իդան և ավելացնում,-իմ փախլավայի համի գաղտնիքը հոգուս մեծ սերն է, որ տալիս եմ աշխատանքիս։
Մինչ փախլավաները կթխվեին՝ երեք աղջկա մայր Իդան պատմում է, թե երբ ու ինչպես է սկսել զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ և մատնահարդարմամբ։
“2020 թվականի պատմերազմից հետո, երբ տեղափոխվել էինք Հայաստան, առաջին անգամ մտածեցի խմորեղեն պատրաստել ու վաճառքի հանել։ Մոտ 10 ամիս զբաղվեցի այդ գործով, որը հետզհետե սկսել էր ինձ դուր գալ։ Հետո վերադարձանք Արցախ, ու ես անցա իմ հիմնական աշխատանքին։ Աշխատում էի դպրոցում՝ որպես համակարգչային օպերատոր, իսկ դպրոցից հետո զբաղվում էի մատնահարդարմամբ։ Այնուհետև ծնվեց երրորդ բալիկս, մի որոշակի ժամանակահատված դադար տվեցի ու հետո որոշեցի ունենալ իմ սեփական մատնահարդարման անկյունը՝ չնայած Արցախում լիակատար շրջափակում էր։ Այդ ընթացքում հրուշակագործությամբ չէի զբաղում։
2023-ին Արցախից տեղահանվելուց հետո որոշեցի կրկին սկսել բիզնեսս, քանի որ բոլորիս համար հոգեպես ծանր ժամանակաշրջան էր և այդ իրավիճակից դուրս գալու համար զբաղմունք էր պետք։ Քաղցրավենիքներ պատրաստելը միշտ էլ իմ հոբբին է եղել, ու ես այն դարձրի նաև եկամտի աղբյուր։ Դժվարությամբ, սակայն կարողացա պատվիրատուներ ձեռք բերել և այսօր դժգոհ չեմ իմ աշխատանքից։ Խմորեղենիս պահանջարկը մեծ է”,-պատմում է Իդան և ջեռոցից հանում արդեն պատրաստ Արցախի ամենահայտնի քաղցրավենիքը։
Վարպետաց դասն ամփոփվեց անուշաբույր խմորեղենի համտեսով։ Իհարկե, չէր պակասում նաև խոտաբույսերով պատրաստված համով թեյը։
Նշենք, որ “”Ասկերանցիներ” համայնքի զարգացման կենտրոն” ՀԿ-ն 2023 թվականի հոկտեմբերի 10-ին վերագրանցվել է Հայաստանում և ձեռնամուխ եղել “Վերածնունդ” ծրագրի իրականացմանը, որը ֆինանսավորվել է “Եվրասիա համագործակցութուն” հիմնադրամի կողմից։ Արցախցի մի շարք ձեռներեց կանայք կարողացել են ծրագրի շրջանակներում օժանդակություն ստանալ և Հայաստանում զարգացնել իրենց փոքրիկ բիզնեսները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: