Բենզինի պայթյունից տուժածներն ապաքինվում են. նրանք շնորհակալ են Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնին

  • 11:54 13.08.2024

2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված և տարբեր ծանրության վնասվածքներ ստացած մեր հայրենակիցները դեռևս վերականգնողական կուրս են անցնում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետները շուրջ 10 ամիս է, ինչ կատարում են իրենց մասնագիտական ​​առաքելությունը՝ օգնություն ցուցաբերելով պայթյունից տուժածներին։ Վերականգնողական կենտրոնի մասնագետների և այրվածքների կենտրոնում բուժում անցնող մեր հայրենակիցների միջև ջերմ հարաբերություններ են ձևավորվել։ Օրերս Այրվածքաբանության ազգային կենտրոնի հիվանդները միջոցառում էին կազմակերպել, որին հրավիրել են Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանին և ֆիզիոթերապևտներին։

Ուրախալի է, որ երկար վերականգնողական շրջանից հետո տղաները դրական դինամիկա են ցուցաբերում, և նրանք կրկին կարող են ինքնահաստատվել որպես հասարակության լիարժեք անդամ։ Հաճելի էր բժշկական կենտրոնի պատերից դուրս տեսնել մեր տղաներին և համոզվել, թե ինչպես են նրանք փոքր քայլերով առաջ շարժվում։ Եվ սա, իհարկե, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների թիմի մեծ վաստակն է, որն արել է հնարավորը և, թվում է, նույնիսկ անհնարինը:

Տղաների նախաձեռնությունը հաջողվեց. նրանք կարողացան հաճելի երեկո անցկացնել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի թիմի հետ հաճելի, ընկերական, արցախյան մթնոլորտում։ Հուսով ենք, որ մոտ ապագայում մեր հայրենակիցները կկարողանան հետագա վերականգնողական փուլ անցնել Ք.Քոքս անվան նորակառույց ժամանակակից վերականգնողական կենտրոնում։

Արսեն Աղաջանյան

f