Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի մանրամասնում՝ արդյոք բռնի տեղահանված արցախցիների համար սոցիալական բնակապահովման ծրագիր իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։
Արցախից բռնի տեղահանված շատ ընտանիքներ ակնկալում են, որ կառավարությունը սոցիալական բնակապահովման ծրագիր կիրականացնի իրենց համար, քանի որ տարբեր պատճառներով այդ ընտանիքները չեն կարող օգտվել բնակապահովման հաստատված ծրագրից։ Սոցիալական խոցելի խմբերին պատկանող բռնի տեղահանված տարբեր ընտանիքներ տեղակայված են Հայաստանի մարզերի համայնքային շենքերում։
Սոցիալական բնակապահովման ծրագրի մասին այս տարվա մարտին հիշատակվել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական հաղորդագրությունում։ Բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի քննարկման շրջանակներում անդրադարձ էր կատարվել նաեւ սոցիալական բնակարաններ կառուցելու հարցին։ Ըստ ՏԿԵ նախարարության՝ «քննարկվում է նաեւ սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը, որը, սակայն, տրամադրվելու է հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել»։
Դրանից հետո բնակապահովման ծրագիրը կառավարությունը հաստատել է, առաջին փուլի շահառուներն արդեն դիմումներ են ներկայացնում, սակայն սոցիալական բնակապահովման ծրագրի մասին մանրամասներ չկան։
Step1.am-ը դիմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ պարզելու, թե ի՞նչ աշխատանք է տարվում սոցիալական բնակապահովման ծրագրի ուղղությամբ։
«Ձեր նշած հարցի ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են։ Հայրենակիցներին մանրամասների մասին կիրազեկենք հստակեցումներից հետո»,- պատասխանեցին նախարարությունից՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: