Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ծառայող Արման Պետրոսյանը Forrights.am-ին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակումից։ Նա մարտական գործողությունների, ինչպես նաև 44-օրյա և չորս օրյա պատերազմների մասնակից է։
«Սեպտեմբերի 19-ին զանգահարեցին ու ասացին, որ իրավիճակը լարվել է և պետք է շտապ լինենք ծառայության վայրում։ Զենք-զինամթերք վերցրեցինք ու գնացինք անտառներ՝ զորամասից հեռու, որ հարվածի տակ չընկնենք։ Վեց-յոթ ժամ պատերազմելուց հետո իմացանք, որ թշնամին մտել է Կաշենի հանք, Մարտակերտի մեծ մասը վերցված է, մոտենում են Ստեփանակերտին։ Մենք հանձնարարություն ստացանք, որ պետք է գնանք Կրկժան և թույլ չտանք, որ թշնամին մոտենա Ստեփանակերտին։ Այդ ուղղությամբ կասեցրել ենք հակառակորդի առաջխաղացումը։ Մեզանից երկու վիրավոր է եղել, իրենցից՝ մեկ զոհ։ Փոխհրաձգությունը դադարեց, երբ ասացին, որ պատերազմը կանգնեցվում է։ Իմացանք կապիտուլյացիայի մասին »,-ասաց նա։
Արման Պետրոսյանն Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 29-ին։ Մարտական գործողություններից հետո մարդասիրական աշխատանքների է մասնակցել։
«Դիահերձարանը լի էր դիակներով, պետք էր տեղափոխել Հայաստան։ Մի քանի քաղաքացիական և Կարմիր Խաչի մեկ բեռնատար կար։ Կարմիր Խաչի աշխատակիցներն ափսոսում էին բեռնախցիկը, որ դիակները դնեն։ Մի տհաճ դեպք եղավ։ Կարմիր Խաչի աշխատակիցները եկան, մի դիակ վերցրեցին, նկարվեցին, դիակը դրեցին գետնին ու գնացին։ Բոլոր դիակները բեռնատարների մեջ ենք տեղափոխել յոթ հոգով՝ Արցախի փրկարար ծառայության չորս աշխատակից և քաղաքացիական երեք անձ, մեկը ես էի։ 182 մարմին ենք տեղավորել բեռնատարներում։ Վերջում, որ էլ մեքենա չկար նոր թողեցին, որ Կարմիր Խաչի մեքենան օգտագործենք»,-պատմեց Արման Պետրոսյանը։
Արմանը և Ստեփանակերտում մնացած մի քանի քաղաքացիներ դուրս են եկել այն ժամանակ, երբ ադրբեջանական ոստիկանությունը մտել է քաղաք։ «Շփում եղել է նրանց հետ, բարևեցին, հարցրին մնալո՞ւ եք ու վերջ»։
Սեպտեմբերի 19-ին Հայաստանը չմասնակցեց մարտական գործողություններին։ Արման Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սպասում էին ռազմական աջակցության։ «Միակ դեպքն էր, որ Հայաստանը ճիշտ քայլ կատարեց, որ չխառնվեց ռազմական գործողություններին, բայց դա չի արդարացնում Արցախի հանձնելը»։
Այդ հարձակումից հետո Ադրբեջանը գերեվարել և արդեն մեկ տարի Բաքվում է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Առ այսօր անհայտ է մնում, թե ինչպես է տեղի ունեցել նրանց գերեվարումը, Արման Պետրոսյանը Forrights.am-ին որոշակի մանրամասներ է ներկայացրել։ «Ես շատ տեղեկություններ չգիտեմ, բայց այդ ժամերին անդրբեջանցիների մոտ րոպե առ րոպե որոշումներ էին փոխվում։ Նրանք պարզ ասել են՝ կամ պետք է ղեկավարները հանձնվեն, կամ գերեվարելու են այն մարդկանց, որոնք այդ պահին մնացել էին Արցախում։ Խոսքը 300 հոգու մասին էր՝ ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատակիցները և քաղաքացիներ։ Նախագահները զոհողության են գնացել, որ այդ ժողովրդին չտանեն։ Նախկին նախագահներին տարել են Արցախի ուժային կառույցի ղեկավարներից մեկի տնից։ Կանչել են այնտեղ ու տարել։ Իմ տեղեկություններով՝ նախկին նախագահները և մյուս պաշտոնյաները տեղյակ են եղել, թե ինչու են իրենց այնտեղ կանչում»։
Արման Պետրոսյանը նշում է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն այդ օրերին ոչինչ չի արել, որ փրկի Արցախի խաղաղ բնակչությանը։ «Իրենք իրենց կաշին փրկելով էին զբաղված՝ հատկապես, որ չորս-հինգ հոգի էլ իրենցից միամտաբար զոհվել են։ Մենք որտեղ մարտական հերթապահություն էինք իրականացնում, եկան ԲՏՌ-ով մեր ու թշնամու մեջտեղը կանգնեցին, հետո ժամը մեկ ասում էին՝ 100 մետր նահանջում ենք, քանի որ ձեզ համար պատասխանատու չենք։ Անողնաշար վիճակ է եղել, մենք իրենց հույսին չէինք մնացել»։
Սեպտեմբերի 19-ի առնչությամբ հեռակա բանավեճ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Շահրամանյանի միջև։ Հայաստանի վարչապետն Արցախի պաշտոնյաներին մեղադրեց պահեստներում գտնվող «յուղը վրան» զենքերն այդ օրերին չօգտագործելու համար։ Շահրամանյանի պատասխանը ենթատեքստով էր, որ ՊԲ-ն ենթարկվում էր ՊՆ-ին։ Արման Պետրոսյանն այս մեղադրանքների վերաբերյալ նշեց․ «Ես վերադաս հրամանատարություն չեմ տեսել, որ թույլատրեր ծանր զինտեխնիկա դուրս հանեին։ Թույլ չեն տվել։ Երևանը ձեռքերը լվացել, քաշվել էր մի կողմ։ Արցախի իշխանությունների դերն էլ եկեք չբարձրացնենք, այնտեղ ով եղել է որոշողը, նա էլ որոշումը կայացրել է։ Ռուսներն են որոշել»։
Նարեկ Կիրակոսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: