Քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ իրենց նամակն ու պահանջները ներկայացնելով ՄԱԿ-ին։ Ակցիայի կազմակերպիչները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի մշտական համակարգողին։ Դրանում մասնավորապես նշվում է․
«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակցիների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ։ Մեր մտահոգությունները շատ հստակ են՝ այս որոշումը անհամատեղելի է ՄԱԿ-ի նպատակների եւ արժեքների հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու վարքագիծը մարդու իրավունքների հարցերում։ Ադրբեջանի բանտերում շարունակում են անօրինական պահվել հայ գերիներ, սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ մարդու իրավունքներին։ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը, ինչը բացառում է հայ գերիների գործերի արդար քննությունը եւ նրանց ազատ արձակումը։ Ադրբեջանն իրականացրել է Արցախի բնակչության բռնի տեղահանում, ինչը համարվում է ցեղասպանության տեսակ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի։ Ադրբեջանը չի կատարել այս շենքի՝ ՄԱԿ-ի պահանջները Արցախի հարցի վերաբերյալ։ Մտավախություն կա, որ COP29-ից հետո Ադրբեջանի իշխանությունները ընդհանրապես կարող են խոչընդոտել հայ գերիների ազատ արձակումը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակվել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ գերինեին, հակառակ դեպքում վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը՝ մինչեւ բոլոր հայ գերիների ազատ արձակումը»։
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենասխալ քայլը եղել է այն, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են այդ նույն կոնֆերանսը Հայաստանում ընդունել։ Դա կոպիտ քաղաքական եւ աշխարհաքաղաքական սխալ էր։ Ըստ Ալավերդյանի՝ Բաքվի բանտերում անօրինական պահվող հայ գերիների հարցը Հայաստանը պետք է պետական մակարդակով հնչեցներ։ Բայց մինչ այս պահը դա տեղի չի ունեցել։
«Ինձ ահավոր վրդովեցնում է, որ մենք 2020 թվականի դեկտեմբերից սկսած ունենք անօրինական ձերբակալված անձինք, եւ այս աստիճանի անտարբերություն է։ 2020 թվականի դեկտեմբերից չպետք է լիներ մի հարթակ, որտեղ ՀՀ կողմից պետական մակարդակով չէր հնչեցվի այդ հարցը։ Դա նոնսենս է, զարմանում են բոլորը, որովհետեւ որեւէ անգամ այդպիսի դեպք չի եղել, որ որեւէ երկիր այս աստիճանի հանցագործություններ գործած լինի, ինչպես Ադրբեջանը, եւ ՀՀ-ն պետական մակարդակով չխոսի այդ մասին։ Դա արդեն խարան է մեր բոլորի վրա, տասնյակ տարիներ դա մեր աչքը կարող են մտցնել, այդ դո՞ւք չեք, որ ձեր անօրինական ձերբակալված անձանց համար ձայն չեք հանում։ Ես չեմ կարծում,որ COP29-ի անցկացման վայրը կփոխեն, արդեն ուշ է, բայց որ կարելի է ինչ-որ բան այնտեղից կորզել, դա հաստատ է։ Օրինակ՝ գերիների եւ անօրինական ձերբակալված մարդկանց ինչ-որ ձեւ հնարավոր է վերադարձնել։ Եվ միջազգային հանրության անդամները, պետություններն ավելի շատ կգնան այդպիսի բաների, որովհետեւ դա զարդարում է իրենց՝ որպես մարդասիրական իրավունքի ջատագովներ»,- նշեց Ալավերդյանը։
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանություններն այս հարցերի մասին չեն խոսում, քանի որ նրանք եկել են հստակ ծրագրով։ Այն է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ երկրորդ՝ Հայաստանը դարձնել Ադրբեջանի ու Թուրքիայի կցորդ։ «Դուք տեսնում եք, թե ինչ վերաբերմունք ենք այս իշխանությունները ցուցաբերում արցախցիների նկատմամբ։ Ամոթ բան է, որ մինչ այսօր Հայաստանում կայացած չէ Արցախի վտարանդի կառավարությունը, որեւէ մեկը մեզ չի հասկանա»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: