Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի․ տեղեկացնում են գերատեսչությունից։ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Այդ մասին հայտնում է Factor-ը։
Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-ից 14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից և Արմավիրի մարզի տարբեր համայնքներից։
Ուղեկցողների թվում են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող անձինք, բժիշկներ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար Հունգարիայում ամառային ճամբարի փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով, աշխատանքների իրականացման գործընթացին աջակցում են երկու երկրներում հավատարմագրված դեսպանները։
Նախատեսվում է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: