Արցախի Մարտակերտ քաղաքից անցած տարվա սեպտեմբերից տեղահանված 68-ամյա Նադյա Աղասյանն ու իր ամուսինը՝ 74- ամյա Յուրա Առաքելյանը վարձով բնակություն են հաստատել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Ն. Աղասյանն իր ողջ գիտակցական կյանքն ապրել է Մարտակերտում, սակայն չորս անգամ հայտնվել փախստականի կարգավիճակում։
1992թ. արցախյան առաջին պատերազմի ժամանակ երբ օկուպացվեց Մարտակերտը, նա տեղափոխվեց Ստեփանակերտ և անդամագրվեց կազմավորվող տանկիստների ջոկատ ու մինչև 1996թ. ծառայեց որպես բուժքույր։ Նրա ազդականչն էր «գեներալ»։ Զինծառայության ընթացքում և հետո Ն. Աղասյանն արժանացել է ութ մեդալի, պատվոգրերի ու շնորհակալագրերի։
«Տղաս ծառայում էր Շուշիի, ես՝ Մարտակերտի գումարտակում։ Համընդհանուր ջանքերով 90-ականներին ազատագրվել է 7 շրջան, իսկ հիմա աներևակայելի իրավիճակ է՝ ամբողջ Արցախը բռնազավթած։ Ով կպատկերացներ… 44-օրյա պատերազմին ապաստանել էինք Չարենցավանում և մի օր տեսանյութով տեսանք թշնամու կողմից արկակոծած մեր տունը։ Նոյեմբերի 11-ին քրոջս ընտանիքի հետ ճանապարհվել ենք Մարտակերտ։ Տեղ հասանք և ականատես եղանք ավերված մեր տանը, որտեղ ապրելու հնար չկար։ Ստիպված ՀՀ ուղևորվեցինք»,- նշեց 68- ամյա տիկին Նադյան։
Սակայն նրա ուշքն ու միտքը Մարտակերտի իր ավերված տունն էր։ Որոշ ժամանակ անց նա վերջապես ուղևորվել է դեպի Արցախ և տան վերականգնման հարցով դիմել պատկան մարմիններին և, ի վերջո, 2021թ. սեպտեմբերին խոստացել են օգնել մարտական ուղի անցած «գեներալին»։ Սկսվել են նրա տան վերանորոգման աշխատանքները, սակայն ինչ-ինչ պատճառներով այն ավարտին չի հասցվել։
«2023թ. սեպտեմբերյան պատերազմի արկակոծության ժամանակ մեր կիսավեր տանը ապաստանել էր նաև երիտասարդ հարևանուհիս՝ Անժելան իր մանկահասակ երեխաներով։ Տան պատերն այնքան ամուր ու հաստ էին, որ նույնիսկ 2020թ. արկակոծությունից չեն փլվել, մտածում էի, որ այս անգամ էլ կպաշտպանեն մեզ։ Ամբողջ գիշեր չենք քնել։ Ռազմական գործողությունները չէին դադարում։Հաջորդ օրն արդեն վառելիք էինք փնտրում։ Բայց ոչ մեկս չէինք պատկերացնում, որ ամեն ինչ կթողնենք և կտեղահանվենք։ Անհնար էր, որ Արցախն ամբողջովին հայաթափվեր, որովհետև երբ ժամանակին ազատագրում էինք մեր տարածքները՝ հզոր ու անպարտ էինք։ Այդ հողերն արյամբ են ազատագրվել և դրանք հանձնելը հանցագործություն է»,-վրդովմունքով պատմեց Նադյան։
Նրանք միանգամից ուղևորվում են Ստեփանակերտ, որովհետև թշնամին արդեն շրջափակել էր Դրմբոնի ոսկու հանքավայրը։ Մեր զրուցակցի խոսքով՝ մինչև «Ցեխ ծյոր»-ի կամրջին հասնելը պաշտպանական մի դիրքում 90-ականներից ծանոթ զինծառայող Արայիկն իրենց վառելիք է տրամադրել, որ ավտոմեքենայով շարժվեն, սակայն երբ նրանք առաջացել են, թշնամու անօդաչուն խոցել է տղաների դիտակետը և բոլոր ութ հոգին էլ զոհվել են։ Մեր զրուցակցի խոսքով՝ չեն էլ կարողացել հետ դառնալ, որ օգնեն դիերը հանելուն։
Մի կերպ հասել են Ստեփանակերտ, որտեղ խառնաշփոթ էր՝ քաոս։ Վառելիքի փնտրտուքը «գեներալին» հասցնում է Հայկազովի վառելիքի պահեստի տարածք։
«Հենց հասա Հայկազով՝ միանգամից աչքիս առջև որոտաց ուժեղ պայթյունը և վառելիքի համար նախատեսված 20 լիտրանոց տարաները ձեռքիս մնացի կանգնած։ Ահեղ կրակի բոցը պատեց շուրջբոլոր։ Հարևանիս հաշմանդամ տղայի հետ էի։ Նա ինձ չթողեց առաջ անցնել։ Ահավոր վիճակ էր։ Այդքան ջահել երեխաներ վառվեցին։ Բառերով անհնար է նկարագրել այդ սարսափելի տեսարանները»,- հուզմունքով պատմեց Ն. Աղասյանը։
Ստեփանակերտից տեղահանվեցին սեպտեմբերի 26-ին և երկօրյա ծանր ճանապարհն անցնելով մի կերպ հասել են Հայաստան, մեկ ամիս մնացել իրենց բարեկամուհու տանը ու հետո տեղափոխվել Մարմարաշեն գյուղ։
Միայնակ ապրող թոշակառու ամուսիները դժվարանում են վճարել փոքր մակերեսով բնակարանի՝ 100 հազար դրամի ու կոմունալ ծառայությունների վարձավճարները, հոգալ սոցիալ- կենցաղային խնդիրները։ «Մարտակերտում շրջափակման ժամանակ ամեն ինչ մշակել էի, ամեն բարիք ամբարել, բայց այժմ մի գդալ դոշաբ էլ չունեմ։ Տներ ենք թողել, նռան այգի, բոստաններ։ Հիմա ամեն ինչի կարիքն ունենք, բայց հո լաց չեմ լինելու։ Բոստան էլ չկա, որ մի բան աճեցնենք, մշակենք։ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող բնակապահովման ծրագիրն էլ իրատեսական չէ մեզ նման միայնակ թոշակառուների համար։ Մեր տարիքում ո՞նց գոյատևենք։ Տարիներով ստեղծածն ու հայրենիքը կորցրինք. Ինչպե՞ս ապրենք»,- հավելեց «գեներալը»։
Զառա Մայիլյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: