ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ թվարկեց այն կետերը, որոնց հետ պաշտոնական Երևանը համաձայն չէ «հաղորդակցությունների բացման» հարցում։ «Երևանը սկսեց պնդել ռուս սահմանապահների առկայության հարցում փոխադարձության սկզբունքը՝ պահանջելով, որ նրանք ներկա լինեն ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական կողմից։ Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են պայմանավորվել ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման շուրջ»,- ասել է Զախարովան։
Զախարովայի «վրդովված» տոնը պայմանավորված է հայկական կողմի այն առաջարկով, որ ռուսական կողմը պետք է ապահովի հայկական տրանսպորտի անվտանգությունը Ադրբեջանի տարածքում։ Ի վերջո, եթե բացվեն հաղորդակցությունները, և ՌԴ ԱԴԾ-ն վերահսկի ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի տարածքով, ապա ո՞վ է ապահովելու ադրբեջանում հայերի անվտանգությունը, ում համար նույնպես պետք է բացվեն հաղորդակցությունները։ Թե՞ հայերը օտար են կյանքի այս տոնին։
Հիշենք, որ 2020 թվականից հետո, երբ «եռակողմ պայմանավորվածությունների» համաձայն տարածաշրջանում պետք է իբր բացվեին կոմունիկացիաները, փակվեցին միանգամից մի քանի ճանապարհներ՝ Գորիս-Կապան մայրուղին, Արցախ տանող ճանապարհները՝ նախ Քարվաճառով, հետո՝ Բերձորով, վերջերս Տավուշում փակման սպառնալիքի տակ հայտնվեց հայ-վրացական ճանապարհը։ Նոր ճանապարհներ չբացվեցին, իսկ հին ճանապարհները փակվեցին։ Եվ սա ռուսական «միջնորդության» և «խաղաղության խաչմերուկի» քաղաքականության լավագույն գնահատականն է։
Սակայն Ռուսաստանը պնդում է եռակողմ ձևաչափիը՝ աջակցելով «խաչմերուկի» հայկական առաջարկին։ Ինչո՞ւ չաջակցել, ի վերջո, սա Հայաստանը մեծ տրանսպորտային հանգույցի վերածելու ծրագիր է՝ առանց սահմանների, ինքնիշխանության և անվտանգության։ Զախարովան վկա։
«Ռուսաստանի նախագահը նշել է, որ մտադիր է Ադրբեջան կատարած այցից հետո կապ հաստատել Հայաստանի վարչապետի հետ՝ շարունակելու երկխոսությունը կարգավորման թեմայի շուրջ», – ասել է Զախարովան։
Ինչի՞ մասին է լինելու զրույցը։