Նախշուն Ավագյանի պատմությունը խորհրդանշական է այն մարդկանց համար, ովքեր, չնայած դժվարություններին, շարունակում են պայքարել ու ստեղծագործել՝ պահպանելով իրենց մշակույթը և արժեհամակարգը: Նախշունը, լինելով Ստեփանակերտում ծնված և մեծացած արվեստասեր ընտանիքի զավակ, իր ամբողջ կյանքն ուղղել է դեպի արվեստը և ձեռագործությունը:
Նրա ստեղծագործական ուղին սկսվել է փոքր տարիքից, երբ նա մասնակցել է Շուշիում կազմակերպվող ցուցահանդես-վաճառքներին: Ավարտելով Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը, նա դարձավ դիզայներ և շարունակեց զբաղվել ձեռագործությամբ, ինչը նրա կյանքի անբաժան մասն է: «ՆԱԽՇ» ապրանքանիշը, որը ստեղծել է իր անունից որոշակի կրճատումով, դարձավ կայուն բիզնես, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ վերադառնալով Արցախ՝ նա իր ձեռագործ աշխատանքներով սկսեց վաստակել։
Նախշունի պայքարը միայն նյութական չէ. այն նաև հոգևոր է և գաղափարական: Նա ձգտում է բարձր պահել Արցախի անունը և ապացուցել, որ որքան էլ ժամանակները լինեն բարդ, արցախցիները երբեք չեն հանձնվում։ Այս ոգով և հաստատակամությամբ նա նաև փորձում է նոր միջավայրում ինտեգրվել, շարունակելով կրթվել, նոր հմտություններ ձեռք բերել և իր արվեստով ու ձեռագործությամբ նպաստել իր ընտանիքի բարեկեցությանը:
Նրա պատմությունը վկայությունն է այն բանի, որ արվեստը և ստեղծագործությունը կարող են ուժեղ հիմք հանդիսանալ դժվարությունների հաղթահարման և նոր կյանք սկսելու համար։
Նախշունը հիշեցնում է, որ սեպտեմբերյան պատվերների համար շատ քիչ տեղ է մնացել։
Ներկայումս նա ապրում է Հրազդանում և ստեղծում է հետաքրքիր ու յուրօրինակ մազակալներ: Եթե ցանկանում եք աջակցել նրան և ակտիվացնել նրա ինստագրամյան էջը, ապա միացեք և հետևեք այստեղ:
Նախշունը ուրախ կլինի լսել ձեր կարծիքները իր աշխատանքների վերաբերյալ։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: