Քարին տակի լոբին եւ նրա “պատենտները”

  • 17:33 23.08.2024

Քարին տակը Արցախի հերոսական գյուղերից է և դրա մասին գիտեն բոլորը:

Գյուղը հայտնի է ևս մի բանով, որի մասին գիտեն բոլորը՝ «Քարին տակի լոբով»: Մենք չգիտենք թե, որ թվականից, որ օրից է հայտնի դարձել «Քարին տակի լոբին», բայց բոլորը գիտեն, որ այն ամենահամովն է:

Գյուղում գրեթե բոլոր ընտանիքները լոբի էին աճեցնում, մի մասը ուտում էին ամառը, իսկ մյուս մասը չորացնում ձմռան համար: Այն ձեռք բերելու համար երկու տարբերակ կար․ կամ շատ ուժեղ ծանոթություն էր պետք, կամ առավոտ շուտ պիտի հասնեիր շուկա: 2-րդ տարբերակից բխում էր ևս մեկ նրբություն` պետք է կարողանալ գտնել իսկական Քարին տակի լոբի, քանի որ այդ լոբու «պատենտ» տեսակները շատ շատ էին:

Առհասարակ արցախյան բարբառում չոր լոբին անվանում են «դռի լոբի»: «Դռի լոբով» ի դեպ արցախյան ավանդական ուտեստ կա, որը պատրաստվում է արցախյան ընկույզով: «Դռի լոբին» օգտագործում են եւ շատ կարևոր արարողության ժամանակ` երեխայի ատամհատիկի, կամ, ինչպես արցախյան բարբառում է ընդունված անվանել` «կճեխաշի» ժամանակ։ Ուտեստը հենց այդպես էլ կոչվում է՝ «կճեխաշ»:

Ինչևէ, վերադառնալով կանաչ լոբուն և նրա կարևոր նշանակությանը արցախյան խոհանոցում, պետք է միանշանակ նշել, որ այն խոհանոցի անբաժենելի մասն է: Արցախյան կանայք լոբուց կարողանում են հազար տեսակի ուտեստ պատրաստել, որի ականատեսը եղանք նաև շրջափակման ժամանակ, երբ թե տանը, և ռեստորաներում բոլոր ուտեստները լոբուց էին:

Եւ այսպես, արցախցիներս լոբիյով կարողանում ենք պատրաստել` լոբիի խաշլամա, ձվով լոբի, լոլիկով լոբի և իհարկե ամենահայտնին բռնով (դդումով ) և փիփերտով լոբի, իսկ միջոցառումների ժամանակ նաև խաշած, կամ ինչպես ընդունված է ժամանակակից լեզվով ասել «ալ դենտե» կանաչ լոբի, մատուցված լոլիկի և սխտորի սոուսով:

Քրիստինա Ալավերդյան

f