ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 02-ին պատրաստել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծ։ Այդ մասին գրում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նախագծով առաջարկվող լրացումների համաձայն վերը վկայակոչված օրենքի 7-րդ և 63-69-րդ հոդվածների դրույթները տարածվելու են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգի ծառայողների վրա։
Այլ խոսքով՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերելի են լինելու նաև Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած այն անձանց, որոնք ծառայություն էին իրականացնում վերը նշված մարմիններում։
Փոփոխություններն ընդունվելու դեպքում վերը նշված անձինք պետք է ստանան զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի կարգավիճակ (ուշադրություն. ոչ թե զոհված, այլ՝ մահացած) և օգտվեն զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 63-69-րդ հոդվածներով նախատեսված ծրագրերից (դրամական օգնություն, բնակարանային ապահովում, բժշկական օգնություն և սպասարկում, տրանսպորտային և հանգստի ապահովում, կրթություն ստանալու երաշխիք և դրամական աջակցություն)։
Քաղաքացիական անձանց, ինչպես նաև դատախազության, հարկային, դատական կամ քննչական ծառայողների մահվան հետևանքով նրանց ընտանիքի անդամներին սոցիալական հատուցում, աջակցություն կամ որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ նոր իրավական ակտ կամ նախագիծ առայժմ գոյություն չունի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: