Ոսկեպար․ մենք լավ գիտենք, ինչու է Բաքուն պահանջում հանել եվրոպական դիտորդներին

  • 20:59 06.09.2024

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում համաձան չեն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե սյուներ տեղադրելուց եւ այսպես կոչված «սահմանազատման» աշխատանքներից հետո Ոսկեպարը, Կիրանցը եւ հարակից գյուղերն անվտանգ են դարձել։

Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հայտարարություններն աբսուրդ են՝ հիշեցնելով, որ թշնամուն է հանձնվել Կիրանց գյուղի մի մասը։ «Մենք լավ գիտենք, թե Ադրբեջանն ինչի է սպասում, ում է սպասում, ումից է վախենում, ում հետ համատեղ եւ ինչու է պահանջում Եվրամիության դիտորդներին հանել, ինչ նպատակով։ Հիմա Ոսկեպարում ժողովուրդը դեռ չի զգում, թե ինչ է տեղի ունեցել, իսկ Կիրանցում զգացին, որովհետեւ գյուղի մեջտեղով սահման գծեցին։ Ոսկեպարից Նոյեմբերյան գնալիս ճանապարհին թուրքերը տեսանելի են, այն ժամանակ էլ էին տեսանելի, բայց նախկինում միջդիրքային տարածություն կար, հիմա չկա, ինչը հետագայի համար վտանգավոր է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ գյուղից մեծ արտահոսք չկա։ «Ներքին տեղաշարժ է տեղի ունեցել, մարդիկ հիմնականում գնում են այլ բնակավայրեր աշխատելու։ Բայց վերջին իրադարձություններից հետո Ոսկեպարից գնացին արցախցի մի քանի ընտանիքները՝ հաշվի առնելով անվտանգային հարցերը»,- նշեց մեր զրուցակիցը։

Նվեր Բեգլարյանը, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի հաստատմանը, ասաց․ «Այդ սահմանազատումը խաղաղության համա՞ր է։ Ես այդ խաղաղությանը չեմ հավատում, որովհետեւ թուրքերը մի 18 հատ պահանջ են դնելու։ Իրենք քարտեզ ունեն, ըստ որի՝ Հայաստանի տարածքը պետք է դառնա 10 հազար քկմ։ Այո, եթե Հայաստանի տարածքը դառնա 10 հազար քկմ, Հայաստանն էլ դառնա ամորֆ մի բան, հրաժարվի իր բոլոր իրավունքներից, ցեղասպանության հարցից, բանակից, այդ ժամանակ մեզ հետ խաղաղություն կկնքեն»։

Նվեր Բեգլարյանի խոսքով՝ պետք է պետության դիմադրողականությունն ու ներուժը բարձարցնելուն ուղղված աշխատանքներ կատարվեն։ «Ասում են՝ ներուժ չունենք։ Եթե այսօր չկա այդ ներուժը, իշխանության սուրբ պարտականությունն է այդ ներուժը ստեղծել, ոչ թե նստել ու այրի կնոջ պես ծնկներին տալ։ Իսկ եթե ասում են՝ հնարավոր չէ, եթե այդ կառավարությունը որակական առումով վատն է, ուրեմն պետք է փոխվի։ Ի՞նչ է նշանակում այս պահվածքը՝ մենք թույլ ենք, նրանք գազան են, մեզ կուտեն, փախեք-փրկվեք։ Քանի որ ռուսական նարատիվներով է այս կառավարությունն առաջնորդվում, դրա համար այս վիճակն է»,- նշեց նա։

 Ռոզա Հովհաննիսյան

f