Վերջերս երկու միանման պատմություն եմ լսել, թե ինչպես են մարդիկ փրկվել Հայկազովի բենզինի պայթյունից:
«Մինչեւ վերջին վայրկյանը ես չէի պատրաստվում հարազատ գյուղից հեռանալ: Ես բոլորի պես չեմ վառել որդուս, ամուսնուս զինվորական համազգեստը: Հակառակը, լվացել, արդուկել եւ կոկիկ դասավորել եմ պահարանի մեջ, – պատմում է Մարտունու գյուղերից մի կին, – մինչեւ որ գյուղապետը չհավաքեց բնակիչներին եւ երկու ժամ տվեց իրերը հավաքելու համար… Ի՞նչ անենք, մամ, բենզին է պետք, ասաց որդիս, պետք է Հայկազով գնալ, ընդամենը երկու լիտր է մեքենայի մեջ: Որքան էլ փորձեց, այդպես էլ չկարողացավ մեքենան խոդի տալ, датчик էր փչացել… Հետո միայն լսեցինք այդ սարսափելի պատահարի մասին, գոհություն հայտնելով Աստծուն», -պատմում է կինը:
Ճարտարեցի մի մարդ էլ պատմում է, որ «յոթ գլուխ անասուն է ունեցել, եւ ծիծաղում. ինչպե՞ս կարող էի նրանց Հակարիի կամրջով անցկացնել, հազիվ մենք ենք անցել… Մխիթարանքս միայն այն է, որ մի ցուլիկ մորթել ու հարեւան-բարեկամների մեջ փայ եմ արել, մնացածին բաց եմ թողել: Որդիս հարյուր մետր էր հեռացել, երբ պայթյունը որոտացել է… Երեւի Աստված ընդունել է իմ մատաղը»,-ասում է նա:
Տատիկ-Պապիկից մինչեւ կոլցեվոյ մեքենաների կիլոմետրանոց հերթ էր: Ո՛չ գազ կա, ո՛չ բենզին: Ով կարողանում, ռուսների սեւ շուկայից մի տարա ձեռք էր բերում: Այլեւս չեկերով տաքսիստները չեն հավաքվում Վիաջոյի դիմաց: “Բենզին չկա”, մի A4 թղթի վրա կպցրած է երբեմնի լի ռեստորանի դռանը:
Սակայն վառելիքի պակասի մասին ամենավառ ապացույցը քաղաքի աղբն էր, որ արդեն հազվագյուտ էր հավաքվում: Վերջին խնայողություններն են, ասում են քաղաքապետարանում: Կողոսկրերը բաց շները փորձում են ոսկոր գտնել աղբարկղերում:
Մինչեւ վերջին օրը քաղաքը մաքրում էին, դատարկ փողոցներում լուսացույցը նարնջագույն թարթում էր, մարդիկ անկանոն քայլում էին փողոցների մեջտեղով, բանկոմատից քամում վերջին փողերը, երբ այն սպասարկում էր, նրանց ձայներն արձագանքում էին դատարկության մեջ։
Ստեփան Շահումյանը, ձեռքերը խաչած, մեջքով կանգնել էր Պիտաչոկի լռած շատրվանների դիմաց, քաղաքը բոլորովին անճանաչելի էր դարձել…
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: