Հայաստանի իշխանությունը ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքներ է հանձնել Ադրբեջանին, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Երբ Կիրանցի մեր բնակիչների սեփականություն հանդիսացող գույքը եւ տարածքը հանձնվեց Ադրբեջանին, Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս արդարադատության նախարարության, հայտարարեցին, որ պետական գրանցման վկայականները տրվել են ոչ ճիշտ տվյալների հիման վրա։ Ես հարցրեցի՝ որքա՞ն է կազմել այդ ոչ ճիշտ տարածքների մակերեսը։ Խոստացան ճշտել ու ասել, հետո պարոն Սիմոնյանն ասաց՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանին ոչ մի բան չի հանձնվել։ Ես դարձյալ ասացի, որ այս իշխանությունները ժողովրդի թիկունքում գաղտնի տարածք են տվել Ադրբեջանին։ Որքա՞ն է կազմում այդ տարածքը, մակերեսը, ասացին՝ հարցում ուղարկեք, կպատասխանենք։ Ես չլզացա, օգոստոսի 2-ին հարցում ուղարկեցի կառավարության աշխատակազմ։ Հարցրեցի՝ ի՞նչ հանգամանքներում է պարզվել, որ Կադաստրի կողմից տրված իրավունքի պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա։ Պատասխանը եկավ գաղտնի թղթածրարով։ Այսինքն՝ կառավարությունը հաստատեց իմ այն պնդումը, որ իրենք ժողովրդի թիկունքում գաղտնի ՀՀ-ից տարածք են հանձնել Ադրբեջանին։ Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքներ են հանձնել, այլապես պատասխանը կգար բաց, ինչո՞ւ են գաղտնի պահում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն․ «Հանցագործության մասին հայտարարություն տվեք, ես կարծում եմ՝ իրավապահները նույնպես պետք է հետաքրքրվեն, մի հատ հասկանան՝ պարոն Խաչատրյանը ՀՀ տարածքից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տեղեկությունների է տիրապետում։ Ես զարմանում եմ, որ դուք հանցագործության մասին հաղորդում եք անում, կոչ եմ անում իրավապահներին այս հայտարարության հետքերով գնալ»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: