
Իրանը այն կողմերից մեկն է, որը խոչընդոտում է Հայաստանի հարավի և Նախիջևանի փաստացի անշլյուսին, որը Բաքուն փորձ է անում իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» կամ TRIPP-ի պատրվակով։
Իրանը փորձում է պահպանել հանգիստ հարաբերություններ Հայաստանի հետ՝ այն բացառելով ԱՄՆ աջակցության պատճառով իրանական հարվածների թիրախում հայտնված հարևան երկրների ցանկից։ Վերջերս Սիսիանում անցկացվեց հայ-իրանական Նավասարդ փառատոնը, որի ընթացքում Իրանի դեսպանը, ժենգյալով հաց համտեսելուց հետո, այն անվանեց «արցախյան ուտեստ»։ Դեսպանատունը նաև հրապարակեց փառատոնի մասին տեսանյութ՝ «Հայաստան և Իրան. Երկու ազգ, մեկ սիրտ» վերնագրով։
Այնուամենայնիվ, ինչպես իրանցի, այնպես էլ հայ վերլուծաբանները նշում են, որ եթե TRIPP-ը («Ադրբեջանից Նախիջևան անարգել երթուղի») իրականացվի, Իրանը և Հայաստանը կարող են կորցնել ոչ միայն իրենց սահմանը, այլև այն անարգել անցնելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, իրանական ընկերություններն արդեն սկսել են Հայաստանում Քաջարանի 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի շինարարությունը։
«Իրանցի լրագրողի օրագիր» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ թունելը կլինի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղային տրանսպորտային միջանցքի մի մասը, որը նախատեսված է Իրանը կապելու Հայաստանի, ապա Վրաստանի և Սև ծովի նավահանգիստների հետ։ Նշենք, որ այս ճանապարհի սյունիքյան որոշ հատվածների շինարարությունը Հայաստանում ֆինանսավորվում է նաև եվրոպական միջոցներով։ Ֆրանսիան և Իրանը արդեն հյուպատոսություններ են բացել Սյունիքում, մինչդեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները՝ ոչ։
Ինչպե՞ս է օգտագործվելու Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող դիմակայության պայմաններում, եթե TRIPP-ը “զբաղեցնի” ամբողջ հայ-իրանական սահմանը: Արդյո՞ք կառուցվելու են ստորգետնյա կամ վերգետնյա ճանապարհներ հայ-իրանական սահմանը հատելու համար՝ խուսափելով TRIP-ը գետնի վրա հատելու անհրաժեշտությունից: Եվ արդյո՞ք Իրանը կհամաձայնի այս տարբերակին, որը առաջարկվել էր դեռ «Գոբլի պլանում»՝ ավագ Ալիևին:
Այս բոլոր հարցերը մնում են խորապես անորոշ, ինչպես նաև TRIPP-ի բուն երթուղին և լայնությունը: Նույնիսկ Սթիվ Ուայքոֆի խորհրդականի այցը Հայաստան որևէ պարզություն չտվեց: Մինչև այս գործընթացները կոնկրետ ձևակերպումներ չստանան, Իրանը փորձում է վստահելի հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
Այնուամենայնիվ, ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ Հայաստանը չի քննարկել TRIPP-ը Իրանի հետ, և եթե այս ճանապարհի երկայնքով տեղակայվեն ամերիկյան ուժեր, դա խնդիր կառաջացնի Իրանի համար, որը կձեռնարկի համապատասխան միջոցներ: Հայաստանը պաշտոնապես պատասխանել է, որ այդ հատվածում կտեղակայվեն միայն հայկական զորքեր, բայց մեխանիզմը դեռևս անհասկանալի է: Ավելին, ռուս-հայաստանյան պայմանագրի համաձայն, Հայաստանի և Իրանի սահմանները պետք է պաշտպանվեն ռուսական սահմանապահ զորքերի կողմից: Այս հարցը չի քննարկվում TRIPP փաստաթղթերում:
Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ «Զանգեզուրի միջանցքի նախագիծը սկզբից ի վեր հանդիպել է Իրանի ուժեղ դիմադրությանը»։ Իրանի որոշ պահպանողական շրջանակներ պնդում են, որ «միջանցքը ծառայում է Թուրանի գաղափարին» և, հետևաբար, սպառնալիք է ներկայացնում Իսլամական Հանրապետության համար։
«Թեհրանի համար գլխավոր խնդիրը պարզապես ճանապարհի կամ երկաթուղու կառուցումը չէ հայկական հողի վրա. գլխավոր խնդիրը իրավական ռեժիմն է, երթուղու կառավարման ընթացակարգերը և դրա հետևանքները Իրանի և Կովկասի ցամաքային կապերի համար: Որքան առաջ է գնում նախագիծը, այնքան ավելի կարևոր կլինի Իրանի համար որոշել այս ասպեկտները», – գրում է «Ֆարս»-ը։
Սակայն Նախիջևանի կարգավիճակը նույնպես կարևոր է Թեհրանի համար. չնայած Իրանը ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», այն երբեք առիթը բաց չի թողնում նշելու, որ Ադրբեջանը կառուցվել է իրանական տարածքների վրա, որոնք Ռուսաստանին են զիջվել 1813-1828 թվականների ռուս-իրանական պատերազմների արդյունքում: Հատկապես կարևոր է հայկական Նախիջևանը, որի կարգավիճակը ներկայումս որոշվում է Կարսի կասկածելի պայմանագրով։
Նախիջևանի կարգավիճակը կենտրոնական է TRIPP-ի համար: Պատահական չէ, որ Ալիևը Նախիջևան է մեկնել Թրամփի հետ վերջերս զրույցից հետո և հայտարարություններ է արել TRIPP-ի վերաբերյալ: Ալիևը հիշեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական մասը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր»։
“Անբաժանելի մաս” հասկացողությունը կասկածի տակ է․ եթե Նախիջևանը Ադրբեջան չէ, ապա “անարգել միջանցքի” գաղափարը անօրեն է։
Նախիջևանը և միջանցքը պարզապես վաղեմի երազանք չէ, այլ անհեռանկար երազանք, որը մնացել է անիրականանալի ավելի քան 100 տարի, քանի որ նման միջանցքը հակասում էր բազմաթիվ երկրների շահերին, ոչ միայն Հայաստանի և Իրանի, այլև Միացյալ Նահանգների, Եվրոպայի և արաբական պետությունների: Ահա թե ինչու, նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո, Ռուսաստանը չկարողացավ իրականացնել այս երազանքը Բաքվի համար, չնայած Պուտինի կողմից այս կետը ներառվել էր իր նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։
Իրանը և, ինչպես պարզվեց, Միացյալ Նահանգները կտրականապես դեմ էին դրան: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ ժամանակ հայ վերլուծաբանները զգուշացնում էին Թեհրանին, որ Ադրբեջանի՝ Արցախը օկուպացնելու իրավունքի «ճանաչումը» անխուսափելիորեն կհանգեցնի խնդիրների Իրանի սեփական սահմանների համար: Պատահական չէ, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մահացավ 2024 թվականի մայիսի 19-ին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով՝ Ալիևի հետ Խուդաֆերին կամրջի մոտ հանդիպումից հետո։
Այժմ Ալիևը Իրանին առաջարկում է «Հյուսիս-Հարավ» մեկ այլ երթուղի՝ ոչ թե Հայաստանով՝ ավտոճանապարհով, այլ TRIPP-ի երկաթուղով՝ դեպի Ադրբեջան մուտք գործելու հնարավորությամբ, իսկ այնտեղից՝ դեպի Վրաստան և Եվրոպա, կամ դեպի Ռուսաստան։
Այս նպատակով Ադրբեջանն առաջարկում է Իրանին անել մի փոքր քայլ՝ ճանաչել Նախիջևանը որպես Ադրբեջանի մաս: Սակայն Իրանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել, ուստի Ալիևը մտադրություն չունի բացել Նախիջևանի երկաթուղին Իրանի համար: Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունի նոր սահմանադրություն և հրաժարվի Կարսի պայմանագրով իրենից բռնագրավված հողերից, այդ թվում՝ Նախիջևանից: