Մրցույթ. մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը

  • 10:02 11.09.2024

«Արվեստ23» ՀԿ-ն հայտարարում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նվիրված է Արցախում ծնված, Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող մինչև 18տ. (ներառյալ) տաղանդավոր պատանի երաժիշտների համար:

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի գաղափարի հեղինակն է UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի փոխակերպել Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը և ստեղծել արժանապատիվ և հաջողակ ապագա պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր և տավիղ:

Ընտրված դիմորդները, որոնք հաջողությամբ կանցնեն մրցութային փուլերը, կստանան հնարավորություն մասնակցել անվճար մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից և արտասահմանյան հանրահայտ արտիստների հետ կունենան վարպետության դասեր՝ ապահովելով մասնագիտական աճ և զարգացում, հանդես գալ համերգային ելույթներով՝ ձեռք բերելով բեմական փորձ:

Ծրագիրն առաջարկում է նաև օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման անվճար դասեր՝ ընդլայնելու նրանց գլոբալ հաղորդակցությունը, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, և հրավերներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին:

Բացի այդ, ծրագիրը տրամադրում է ֆինանսական աջակցություն և անհրաժեշտության դեպքում՝ երաժշտական գործիք, համակարգիչ և համացանցի հասանելիություն՝ ապահովելով, որ որևէ խոչընդոտ չկանգնի նրանց հաջողության ճանապարհին: Ծրագիրը նախատեսվում է հինգ տարիների համար, որի ընթացքում արցախցի տաղանդավոր պատանիները կմասնակցեն միջազգային մրցույթների և փառատոնների:

Աշխարհում ամենակարդացվող կենսագրությունները համարվում են արտիստների կենսագրությունները: Դրանք ամենաշատն են տարածվում և ունեն ազգային պատկանելիության ամենաազդեցիկ դերը: Մենք հավատում ենք, որ կկրթենք բարձր որակի պրոֆեսիոնալ երաժիշտների, ովքեր իրենց կենսագրություններում գրելով «ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ» արտահայտությունը` կշարունակեն ապրեցնել Արցախի հայի գենը ամբողջ աշխարհում:

Սա ավելին է, քան պարզապես կրթական ծրագիր. այն հստակ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս./թ. սեպտեմբերի 25-ը: Ծրագրին դիմելու կարգը, դիմում-հայտը և այլ մանրամասները ներկայացված են «Արվեստ23» ՀԿ-ի www.arvest23.org կայքէջում: Մանրամասների համար կարող եք զանգահարել 011 232 113 հեռախոսահամարով:

f