Նիդերլանդներն իրերն անվանել են իրենց անուններով. «Լեռնային Ղարաբաղը զավթվել է»

  • 21:26 17.09.2024

«Անընդունելի է Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը «Լեռնային Ղարաբաղի զավթում» անվանելը Նիդեռլանդների կողմից։ Ղարաբաղի տարածաշրջանը միշտ եղել է մեր երկրի անբաժանելի մասը և շուրջ 30 տարի գտնվել է Հայաստանի անօրինական օկուպացիայի տակ»,- այսօր ասել է Բաքվի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

«Միևնույն ժամանակ, մենք կտրականապես մերժում ենք Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի սխալ անվանումը այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղ» ձևով։ Սա Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների ևս մեկ ակնհայտ դրսևորում է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։

Փաստորեն, Նիդեռլանդներն իրերն իրենց անուններով են անվանել՝ նշելով ակնհայտը՝ Լեռնային Ղարաբաղը գրավված է։ Ի տարբերություն այլ երկրների, որտեղ «չեն կարողանում գլուխ հանել», թե ինչ է տեղի ունեցել Արցախում 2020-2023 թվականներին և, հետևելով Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ցուցումներին, բանավոր “փորլուծությամբ” են զբաղվում, Նիդեռլանդները Բաքվի գործողությունները որակել են որպես զավթում։

Ագրեսիայի, օկուպացիայի, էթնիկ զտումների և ցեղասպանության արդյունքները օրինականացնելու և Ղարաբաղի մասին «մոռանալու» ձգտող ուժերի փորձերը ամեն անգամ կբախվեն բաց աչքերով գործող երկրների և անհատների դիրքորոշմանը։ Նիդեռլանդներն ասաց այն, ինչ պետք է ասեին իրենց հարգող բոլոր երկրները, հատկապես Հայաստանը։ Ճիշտ այնպես, ինչպես ամերիկացի սենատոր Բեն Քարդինը Բաքվի և Երևանի միջև պատրաստցող  «խաղաղության պայմանագրում» Ղարաբաղի հիշատակման բացակայությունն անվանեց անհեթեթություն և ասաց, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջները պարզապես ծիծաղելի են։

Այդուհանդերձ, պարզ չէ. եթե Բաքուն Ղարաբաղը համարում է իր «դարավոր» տարածքը, ինչո՞ւ է Ալիևը պահանջում ՀՀ Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, ըստ որի Արցախը Հայաստանի մաս է կազմում։ Այո, դա այդպես է, անկախ նրանից՝ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը խոսո՞ւմ են այդ մասին, թե՝ նայելով Մոսկվայի կողմը՝ լռում են։

Վերջապես կողմնորոշվեք և ցույց տվեք գոնե մի թուղթ, որը հաստատում է Բաքվի իրավունքները Արցախի նկատմամբ։ Այդ ի՞նչ րավունքներ են, եթե այն կարելի է կասկածի տակ դնել սովորական եվրոպական պետության փաստաթղթում ընդամենը մեկ ճշմարիտ բառով։

Նաիրա Հայրումյան

f