«Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի նոր ծրագիրը Մեծամորում

  • 18:56 18.09.2024

«Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի նոր ծրագիրը Մեծամորում՝ երաժշտության և արվեստի միջոցով երեխաների զարգացման համար

Թուֆենկյան հիմնադրամի կողմից 2002 թվականին հիմնադրված «Ընտանիք և Համայնք» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր ազգանվեր գործունեությունը՝ աջակցելով ընտանիքներին և երեխաներին Հայաստանի տարբեր մարզերում։ Այսօր կազմակերպությունն ունի 5 կենտրոն, որոնք գործում են Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ ուղղված կարիքավոր համայնքների և նրանց բնակիչների բարեկեցությանը։

ՀԿ-ի նոր ծրագրի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Մեծամորի երեխաներին։ Նոր նախաձեռնությունը նպատակ ունի երեխաների համար ստեղծել միջավայր, որտեղ նրանք կստանան կրթական, հոգեբանական և սոցիալական աջակցություն՝ իրենց անձնական աճն ու զարգացման հնարավորությունները առավելագույնս արդյունավետ դարձնելու համար։ Նույնիսկ ամենադժվար պայմաններում գտնվող երեխաները կարող են փոխվել դեպի լավը՝ ճիշտ մոտեցմամբ և աջակցությամբ։

Մեծամորի երեխաների հետ ծրագրի կարևոր տարրերից մեկը արվեստն է՝ մասնավորապես երաժշտությունը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել երեխաներին երաժշտության դասընթացների և այլ արվեստի միջոցառումների մեջ, ինչը կազդուրող ազդեցություն կունենա նրանց մտավոր և հոգեբանական զարգացման վրա։

«Երեխաների հետ աշխատելը, երեխաների համար նվագելը շատ պատասխանատու գործ է։ Արվեստն ընդհանրապես, հատկապես երաժշտությունն այն բուժիչ, կազդուրող և դաստիարակող հատկությունն ունի, որ ցանկացած տեսակի միջավայրից երեխային կարող է փոխել դեպի լավը։ Արվեստագետներս հնարավորության սահմաններում պետք է օժանդակենք այդ գործին», – նշել է երաժիշտ Միքայել Ոսկանյանը՝ ընդգծելով կենտրոնների կատարած աշխատանքի կարևորությունը։

Թուֆենկյան հիմնադրամը նոր դրամահավաք է սկսել՝ ապահովելու «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի այս ծրագրի շարունակականությունը և աջակցելու Մեծամորի երեխաների զարգացմանը։ Նվիրատվությունները կուղղվեն կենտրոնի գործունեության ապահովմանը, ինչը հնարավորություն կտա ծրագրին հաջողությամբ իրագործել իր նպատակը։

Տաթև Ազիզյան

f