«Խաչմերուկից» մնաց ԹՐԻՓՓ-ը։ Հայաստանը կհայտնվի Արցախի՝ 2022-ի վիճակում

TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի, ապա նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում, այսօր Երևանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Առաջին անգամ Երևանում անցկացվող Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին մասնակցող Փաշինյանն այս հայտարարությունն արել է հայ – ամերիկյան TRIPP նախագծի մասին խոսելիս: Այդ ճանապարհը Հայաստանի հարավով անխոչընդոտ կապ է ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

«Հայաստանը և մեր տարածաշրջանը գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և սրանից բխող զարգացումների հետ։ Մենք հիմա ամենօրյա ռեժիմով աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու: Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն»,- ասել է վարչապետը:

Հայաստանցի պաշտոնյաների խոսքով՝ Սյունիքում TRIPP-ի շինարարությունը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի հաջորդ տարեսկզբին: Նա չի հստակեցրել, թե երբ է սպասվում 30 տարուց ավելի փակ հայ – թուրքական սահմանի և Թուրքայի ու Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության բացումը:

Հայ-իրանական երկանքով “ադրբեջանական անխոչնդոտ ճանապարհ” բացելու մասին Փաշինյանը մինչ վերջերս խոսում էր “Խաղաղության խաչմերուկի” համատեքստում, նկատի ունենալով, որ կգործեն նաև Հայաստան-Իրան կոմունիկացիաները՝ և Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, և Նախիջևանի տարածքով Իրան-Հայաստան երկաթուղին։ 

Սակայն երեկ Արարատ Միրզոյանը Իրանում խոսում էր միայն ԹՐԻՓՓ-ի մասին և ոչինչ չէր պատասխանում “Խաղաղության խաչմերուկի” մասին նրան հիշեցնող իրանցի պաշտոնյաներին։  

Տպավորությունն այնպիսին էր, որ Միրզոյանը Իրան է գնացել, ասելու համար, որ “Խաղաղության խաչմերուկ” չի լինի, միայն ԹՐԻՓՓ, այսինքն՝ Հայաստան-Իրան սահմանը կփակվի։ 

Հարցը միայն այն չէ, թե այդ դեպքում ինչ կանի Իրանը, այլ այն, որ Իրանի, այնուհետև՝ Վրաստանի հետ սահմանները փակելու դեպքում Հայաստանը կհայտնվի Արցախի՝ 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո ստեղծված վիճակում։ Այն ժամանակ էլ, երբ փակվեց Հայաստանի հետ ճանապարը, Արցախին “առաջարկում էին” աշխարհի հետ հաղորդակվել Ադրբեջանի տարածքով։ Հետո սկսվեցին “անմեղ” դիվերսիաններ, առաջին հարմար դեպքում էլ ուղղակի էթնիկ զտում իրականացրեցին։ Հիմա էլ են իրականացվում դիվերսիաներ՝ սկզբից Գանձասարում “ալբանական” շոուն, հետո՝ Շաքիի դեպքը, հաջորդը կլինի գազի մատակարարման դադարեցումը։