Թշնամու ֆոսֆորը: Հեռանալու դժվար որոշում: Վերադարձ միայն հայկական Արցախ

  • 11:24 21.09.2024

Մարինե Դանիելյանը Ճարտարից է, ամուսնու մահից հետո միայնակ մեծացրել է երկու որդիներին: Երկու որդիները արցախյան երկու պատերազմների մասնակից են: Ավագը 2020 թվականի պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել էր՝ այրվել էր ֆոսֆորից:

«Ավագ որդիս պատերազմի ժամանակ Հերհեր գյուղի մոտ այրվել էր ֆոսֆորից։ Հենց նրա մոտ 5 հոգի զոհվել էին: Իրականում հրաշքով է փրկվել, ընկերներն են փրկել, չնայած որ հորդորում էր նրանց, որ հանկարծ չփորձեն օգնել, քանի որ հնարավոր էր, որ նույնը կրկնվի, սակայն ընկերները չեն լսել: Փառք Աստծո, որ տղաս փրկվել է»:

 Չնայած այս ամենին, Մարինեի որդիները չեն ընդհատել իրենց մարտական ուղին․ ավագ որդին ծառայության էր անցել Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ կրտսեր որդին՝ Պաշտպանության բանակում, որպես պայմանագրային զինծառայող: 2023 թ. պատերազմի ժամանակ առաջինը Թաղավարդն էր պաշտպանում, իսկ երկրորդը՝ հայրենի Ճարտարը:

Ինչպես գրթե բոլոր արցախցիների, այնպես էլ Մարինեի համար ամենադժվարը գիտակցելն էր, որ պետք է լքել ծննդավայրդ, սակայն այլ ելք չկար:

«Մենք մեքենա չունեինք, որդիներս ստիպել են, որպեսզի ես առանց նրանց ամուսնուս եղբոր ընտանիքի հետ ճանապարհվեմ: Ասացին, որ նրանք տղաներ են, կկարողանան ամեն տեսակի մեքենաներով դուրս գալ։ Ոչ մի բան չենք վերցրել, միայն մեր փաստաթղթերը»։

Ասում է, որ հինգ օր է տևել նրանց ճանապարհը, առանց հաց և ջրի։ Ճանապարհին վթարներ են տեսել, սակայն նրանց հանդեպ կյանքը մի փոքր ավելի քիչ դաժան գտնվեց, քանի որ՝ ի տարբերություն մյուս հայրենակիցների քիչ դաժանությունների էին առնչվել։

«Խաղաղապահները ընդհանրապես մեզ չեն օգնել, առանց սնունդ, ջուր, հինգ օր ճանապարհին։ Հինգ օրից հասել ենք Կոռնիձոր, մեզ շատ լավ դիմավորել են։ Որոշել ենք հենց Գորիսում մնալ»։

Մարինեն մեծ դժվարությամբ, սակայն կարողացել է աշխատանք գտնել Գորիսի համայնքապետարանում, որպես հավաքարար։ Սակայն ինչպես մյուս հայրենակիցները, տրտնջում է ֆինանսական վիճակից։

«Պետության կողմից տրված նպաստները հերիքում են միայն տան վարձին, ստացվում է, որ ընտանիքս միայն իմ աշխատավարձի հույսին է, չնայած տղաներս ևս բանվորություն են անում, երբ նման աշխատանքներ են լինում։ Եթե կանայք գոնե ինչ-որ ձև կարողանում են աշխատանք գտնել, ապա տղամարդկանց համար շատ ավելի դժվար է, դրա համար տղաս ցանկանում է Երևան տեղափոխվել, ասում է, որ այնտեղ գոնե աշխատանք կա, այստեղ մի քանի օր գնում աշխատում են, աշխատանքը էլի կանգնում է»։

Մարինեի միակ ցանկությունը եւ պահանջը Հայաստանի և Արցախի կառավարությունից՝ հայկական Արցախ վերադառնալն է, թեկուզ միջազգային խաղաղապահների ներկայությամբ, բայց հաստատ առանց ադրբեջանցիների։

Ալվարդ Գրիգորյան

f