ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատմական ու այդքան սպասված իրադարձությունը վերջապես իրականացավ. Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ հանրությանն են ներկայացվել հայկական դիցարանի Պտղաբերության և սիրո աստվածուհի Անահիտի հնագույն բրոնզե արձանի բնօրինակ հատվածները, որոնք արդեն ավելի քան մեկ դար ցուցադրվում են հանրահայտ Բրիտանական թանգարանում։
Անահիտի «վերադարձը» պատմական հայրենիք նշվեց հանդիսավոր միջոցառմամբ, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ:
Այցելության ընթացքում նրանք գրառումներ կատարեցին թանգարանի պատվո մատյանում: Նիկոլ Փաշինյանը մակագրել է. «Բարի վերադարձ, դիցուհի»:
ՀՀ նախագահի մակագրության մեջ նշված է. «Բոլոր ցանկություններն իրականություն են դառնում, պետք է սպասել համբերատար»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ մատյանում իր գրառմամբ արձանագրել է.
«Լոնդոնից Երևան ճանապարհը երկար տևեց, բայց մենք դա արեցինք»:
Խիստ խորհրդանշական է, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության պաշտոնական մեկնարկն ազդարարվեց ճիշտ Հայաստանի անկախության հռչակման 33-֊րդ տարեդարձի օրը։
Աստվածուհու «ընդունելությանն» առաջիններից արժանացան լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց ցուցադրության կազմակերպիչները հնարավորություն էին ընձեռել առանձին վայելելու այս պատմական պահը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը մամուլի ներկայացուցիչներին հայտնեց, որ Անահիտ աստվածուհու արձանի պահպանված հատվածներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Նրա գնահատմամբ՝ այս ցուցահանդեսն աննախադեպ է, քանի որ կազմակերպվել է շատ կարճ ժամանակահատվածում և նոր ձևաչափով:
«Այսպիսի ցուցահանդեսներ սովորաբար կազմակերպվում են 2-3 տարիների ընթացքում: Շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց նման որակի ցուցահանդես կազմակերպել: Ցուցադրությունը մեծ տարածք չի ընդգրկում, բայց անչափ մեծ է իր բովանդակությամբ, խորհրդով, նաև՝ ներկայացված հզոր ժառանգությամբ: Այն ամբողջովին կազմակերպվել է Բրիտանական թանգարանի չափանիշներով, որոնք վերաբերում են անվտանգության ապահովմանը, լուսային և գեղարվեստական ձևավորմանն ու այլ անհրաժեշտ գործոնների: Իրականացվել է մի նախագիծ, որը, կարծում ենք, հետաքրքիր նոր ձևաչափ կլինի հետագայում միջազգային չափանիշներով այսպիսի ցուցահանդեսներ կազմակերպելու համար»,- արձանագրեց տնօրենը:
Դավիթ Պողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պատմության թանգարանն առաջին անգամ է ներկայացնում Բրիտանական թանգարանից փոխառված ցուցանմուշներ: Մինչդեռ, Հայաստանի պատմության թանգարանի տարբեր ցուցանմուշներ մի քանի անգամ ներկայացվել են Բրիտանական թանգարանում կազմակերպված տարբեր ցուցահանդեսների շրջանակներում:
Նա հայտնեց նաև, որ XIX դարի 70-ական թվականներին պատմական Հայաստանի տարածքում գտնված՝ Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանի հատվածներն, անշուշտ, ներկայիս ցուցադրության գլխավոր նմուշներն են, սակայն ցուցահանդեսի շրջանակներում այցելուները կարող են ծանոթանալ նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող մեկ տասնյակից ավել ուշագրավ և հետաքրքիր առարկաների, որոնք նույնպես կրում են մայրության խորհուրդը: Դրանք վերագրվում են պատմական ամենատարբեր ժամանակաշրջանների՝ նոր քարե դարից մինչև 1997 թվականին արդեն ՀՀ-ում հատված առաջին ոսկե հուշադրամը՝ Անահիտ աստվածուհու դիմաքանդակի պատկերով:
Ի դեպ, տնօրենը տեղեկացրեց նաև, որ Բրիտանական թանգարանում համանման հատուկ նախագծերը վճարովի են և բավականին թանկ:
«Մեր դեպքում անվճար է՝ մշտական ցուցադրության մեջ ներկայացնելու տարբերակով, բայց, եթե դա որոշակի կոնցեպտով ներկայացվում է հենց նույն Բրիտանական թանգարանում՝ դա արդեն ունի հատուկ տոմս: Նման ցուցահանդեսները մեծ ծախսեր են պահանջում, և մենք էլ բավականին լուրջ ծախսեր ենք կատարել, որպեսզի ստանանք այսպիսի ամբողջովին նոր մի ցուցադրություն»,- ասաց Դավիթ Պողոսյանը:
Հայաստանի պատմության թանգարանը, ինչպես նշեց նրա տնօրենը, այս տարի ունենալու է նմանապես հետաքրքիր այլ ցուցադրություններ ևս:
Մայր աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում սկիզբ է առել դեռ քարի դարից և անցել փոփոխությունների տևական ընթացք՝ կախված տարբեր աշխարհայացքային և գեղագիտական առանձնահատկություններից։ Ի սկզբանե մարմնավորելով «ծնող և վերարտադրող» կնոջ բնույթը՝ նա ներկայացվում էր որպես տոհմի շարունակականության խորհրդանիշ։ Հետագայում ձևավորվում են «Մայր աստվածուհու» մի շարք այլ գործառույթներ՝ երկրագործության խորհրդանիշը, ընտանիքի բարեկեցությունն ապահովողը, բժշկողը և այլն։ Առանձնակի շեշտվում է նրա «արարող» էությունը, ինչը բխում է առասպելաբանության մեջ կնոջ և «Մայր հողի» նույնացման գաղափարից։
Հելլենիստական շրջանում մայրության խորհրդանիշը Անահիտ աստվածուհին էր։ Նա պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, իսկ վաղ շրջանում նաև ռազմի աստվածուհին էր և համարվում էր հայկական դիցարանի գլխավոր աստվածություններից մեկը։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։
Հայաստանում Անահիտի պաշտամունքը սկսել է տարածվել առնվազն Ք.ա. 4-րդ դարում՝ հետևելով դրա տարածմանը Փոքր Ասիայում և Սիրիայում։ Անահիտ աստվածուհու սրբավայրեր հիշատակվում են նաև Իրանում։ Հելլենիստական և հատկապես հռոմեական դարաշրջանում ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ մշակութային ընդհանրությունների և սինկրետիզացիայի համար։ Անահիտը համեմատվում էր Արտեմիսի, Նանեի, Աֆրոդիտեի, Աթենասի, Մայի, Կիբելեի, Տյուխեի, Նիկեի և այլոց հետ։ Այս երևույթն ավելի հստակ է դրսևորվում՝ սկսած Ք.ա. 1-ին դարից, երբ Փոքր Ասիայից և այլ երկրներից Հայաստան բերվեցին և տաճարներում տեղադրվեցին հունական աստվածությունների արձանները։
Ներկայիս ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում։ Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ցուցադրության գլխավոր հովանավորն է «Կերոն» հիմնադրամը։
Անահիտի բրոնզե քանդակը Հայաստանում կցուցադրվի մինչև 2025 թվականի մարտ:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: