Հոկտեմբերի 2-ին Արեգակի մասնակի խավարում տեղի կունենա

  • 13:17 01.10.2024

Հոկտեմբերի 2-ի երեկոյան Երկրի բնակիչները ականատես կլինեն աստղագիտական ​​հետաքրքիր երևույթի՝ Արեգակի խավարմանը, սակայն ոչ բոլորին կհաջողվի հիանալ այդ տեսարանով։ Խավարմանը կարելի է հետևել նաև ուղիղ հեռարձակմամբ այստեղ։

Ինչպես տեղեկացրել է Մոսկովյան պլանետարիումը, խավարումը կլինի օղակաձև` մասնակի, որի ժամանակ երկրագնդի մակերևույթը կհատվի լուսնային կոնաձև ստվերի հետ, քանի որ Լուսինը Երկրից շատ հեռու է Արեգակն ամբողջությամբ ծածկելու համար:

Արևի խավարման օղակաձև փուլը կարելի է դիտել Հարավային Ամերիկայի հարավում, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավ-արևելյան գոտիներում։ Խավարման առավելագույն փուլը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:45-ին, երբ Լուսինը կծածկի Արեգակի տրամագծի 93 տոկոսը, և դա տեղի կունենա Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան գոտում հորիզոնից 69° բարձրության վրա:

2024-ի հոկտեմբերի 2-ին արևի խավարման մասնակի փուլերը տեսանելի կլինեն Հարավային Ամերիկայի հարավային մասում, Նոր Զելանդիայի հյուսիսում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային հատվածներում և Անտարկտիդայի մեծ մասում:

«Արևի առաջիկա խավարումը, որը կարելի է դիտել Մոսկվայում, տեղի կունենա 2025-ի մարտի 29-ին, Մոսկվայի ժամանակով 14:25-ից մինչև 15:13-ը, այն կլինի մասնակի, Լուսինը կծածկի արեգակնային սկավառակի շատ փոքր հատվածը: Ամբողջական խավարումը Մոսկվայից տեսանելի կլինի միայն 2126-ի հոկտեմբերի 16-ին, իսկ մայրաքաղաքի բնակիչները կկարողանան տեսնել օղակաձև խավարումը 2075-ի հուլիսի 13-ին»,- ասել են Մոսկվայի պլանետարիումից։

news.am

f