Արցախցի ձեռներեցները մասնակցում են հերթական փառատոնին

  • 15:58 07.10.2024

Երևանի “Սիզնս” այգում հոկտեմբերի 4-ին մեկնարկած սուրճի, թեյի և շոկոլադի եռօրյա փառատոնին մասնակցել են նաև արցախցի ձեռներեցները։

Արցախի Հաթերք գյուղում 2018 թվականին հիմնադրված Հաթերք-Ֆուդ ընկերությունը ներկայացնում էր իր անարատ ու բարձրորակ մեղրը։ Ընկերության հիմնադիր հաթերքցի Սամվել Միրզախանյանի խոսքով՝ մեղվաբուծությունը նրանց ընտանիքում պապից է ժառանգաբար փոխանցվել և գրեթե 150 տարվա պատմություն ունի։

Փառատոնին նրանք ներկայացնում են ինչպես մեղր, այնպես էլ տեղում պատրաստվող ախորժաբույր արցախյան ժենգյալով հաց, նռան գինով, մեղրով ու տարբեր համեմունքներով պատրաստված տաք գինի, մրգերով, հատապտուղներով և դեղաբույսերով սուֆլեներ ու տարբեր թեյեր։

Ընկերության տնօրենը գոհունակություն է հայտնում արտադրանքի եռօրյա վաճառքից, միաժամանակ ավելացնում, որ Գավառի մեղվանոցից հանված էքսկլյուզիվ մեղրի մեղրաքամը կլինի հոկտեմբերի 10-ին՝ Երևանի Դալմա մոլի մոտ գտնվող ընկերության արտադրամասում, որտեղ սիրով կսպասեն մեղրասեր հասարակությանը։

Ստեփանակերտցի Իրինա Սարուխանյանը երկու դստրերի հետ <<Արցախ, իմ սիրտ>> ապրանքանիշով է ներկայացել։ Նրանց ժենգյալով հացն ու փախլավան անտարբեր չէին թողնում փառատոնի մասնակիցներին։ Հաճախորդների թվում էին նաև արտասահմանյան հյուրեր, որոնց համար արցախյան ուտեստները մեծ բացահայտումներ էին։

Տիկին Իրինան նշում է, որ մի կերպ են հասցնում ժենգյալով հաց պատրաստել․ Արցախի այցեքարտ համարվող ժենգյալով հացի սիրահարները շատ-շատ են, ինչը ուրախացնում և ոգևորում է իրենց։

Արցախից տեղահանվելուց հետո նրանք Երևանում տարածք են վարձակալել, որտեղ զբաղվում են այդ բիզնեսով ու վաստակում օրվա հացը։ Ստեփանակերտում նա ու իր աղջիկները քաղաքային կենտրոնական շուկայում ունեին իրենց սեփական խանութները։ Ամեն ինչ թողել ու ձեռնունայն դուրս են եկել Արցախից։ Միակ սփոփանքն այն է, որ անկորուստ են հեռացել, միաժամանակ տիկին Իրինան ցավում է բոլոր զոհվածների համար, կիսում հարազատների վիշտը․․․

Նշենք, որ արցախցի մեր ձեռներեցները մասնակցել են Հայաստանում կազմակերպվող մի շարք փառատոնների և արդեն ունեն իրենց հավատարիմ հաճախորդները․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f