Բեկորը 65 տարեկան է․ Երեւանում նրա անունով արդեն փողոց կա

  • 21:19 07.10.2024

Հոկտեմբերի 6-ին Արցախի ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի վաշտի առաջին հրամանատար, <<Արցախի հերոս>>, <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 65-րդ տարելիցն էր։ Մեծագույն արժանքիներով օժտված հերոս, լեգենդ, որի օրինակով տարիներ շարունակ դաստիարակվում են բազում սերունդներ․ բնատուր զինվորական, համարձակ, վճռական, հնարամիտ, խիզախ ու հայրենասեր մարդու կերպար:

Ծնվել է Բաքվում, 1959-ին։ 1975-ին Ղուլյանների ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղ և նա ավարտել է 8-րդ դասարանը, իսկ 1985-86 ուստարում՝ թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1977-79 թթ․ ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ 1985-ին ամուսնացել համագյուղացի Նելիի հետ և նրանց ընտանիքում ծնվել են 3 որդիներ։

Երիտասարդ տարիներից Աշոտն աչքի էր ընկնում իր շնորհքով։ <<Ոսկի ձեռքեր>> ունեցող վարպետ էր՝ դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից նա կանխազգաց, որ զենքով պետք է հարցը լուծվի և ընկերների աջակցությամբ սկսեց պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգեր, հրացաններ, նռնականետեր, որոնք փորձարկելիս մի քանի անգամ վիրավորվել է։ Հենց այդ էր պատճառը, որ նախապատերազմյան շրջանում վաստակել է իր մարտական անունը։ Աշոտը զբաղվում էր նաև Արցախ զենքեր փոխադրելու գաղտնի գործով և կանգնած էր ֆիդայական շարժման ակունքներում։

Մարտական մկրտությունն ստացել է Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Իջևանի ուղղությունում, որտեղ թշնամին արդեն ոտնձգություններ էր անում։ Մինչ այդ նա մասնակցում էր հայդուկային պարտիզանական մի շարք գործողությունների։ Աշոտն առաջիններից մեկն էր, որ հանգել էր այն մտքին, որ անհրաժեշտ է ստեղծել կանոնավոր բանակ՝ իր կառուցվածքով ու կարգապահությամբ։

1991-ին, երբ սկսվեց Արցախի կանոնավոր բանակի առաջին զորամասերի կազմավորումը, նրան առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը, որի կորիզն իր ջոկատն էր։ Աշոտը մասնակցել է Արցախում մղված մարտական գործողությունների զգալի մասին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Վերին շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարին տակ, Շուշի, Քաշաթաղ, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունափայա, Դրմբոն․․․

Բեկորի հրամանատարական հմտություններն ու տաղանդը փայլել են 1992-ին՝ Շուշիի ռազմագործողության իրականացման ժամանակ։ Նրա վաշտը առաջինն է մտել հայկական բերդաքաղաքը, որի ազատագրման համար ամենադժվար հատվածը հենց իրեն է բաժին ընկել։

․․․1992-ի օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ հերոսի կյանքում։ Աշոտ Ղուլյանն ընկավ հերոսի իմացյալ մահով և բռնեց հավերժի ճամփան․․․

Ցավոք, Բեկորի ու հարյուրավոր մեր հերոս նահատակների շիրիմները մնացել են իրենց արյամբ սրբացած Արցախում, գերեվարված ու միայնակ։ Նրանց հարազատները չգիտեն՝ որտեղ ծաղիկներ խոնարհել․․․

Աշոտ Ղուլյանի տարելիցին նրա հարազատներն ու ընկերները այցելել են Աբովյան քաղաքի գերեզմանատանն իր վերջին հանգրվանը գտած ընտանիքի տատիկի շիրմին։ Նրանք ծաղիկներ են խոնարհել և լռության րոպեով հարգել Բեկորի ու բոլոր սրբադասված հերոսամարտիկների հիշատակը։

Տիկին Նելլին, որդիները, հարսներն ու թոռները ցավ են ապրում, որ հայաթափվել է Բեկորի ու նրա ընկերների արյամբ ազատագրված երկիրը․ չէ՞ որ սուրբ հողի համար տարիներ շարունակ պայքար է մղվել, կյանքեր են զոհաբերվել։

Հերոսի կինը հպարտանում է՝ Երևանի <<Եռաբլուր>> զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը անվանակոչվել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ, իսկ օրերս Աշոտ Ղուլյանի անունը կրող Երևանի ավիոմոդելավորման դպրոցում հիշատակի միջոցառում է կազմակերպվել, որի պատվավոր հյուրերը Բեկորի ընտանիքի անդամներն էին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f