Ասկերանցի Միքայել Բադալյանի ստեղծագործությունը Արցախում հայտնի ու ընդունված էր։ Արցախից բռնի գաղթից հետո նա երկար ժամանակ չէր կարողանում ստեղծագործել։ Հեռանալով Արցախից՝ այդպես էլ չկարողացավ ինչ-որ բան վերցնել իր գործերից։
Օրերս Երևանում Ասկերանի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ղարաբաղցի վարպետների փոքրիկ ցուցահանդես-տոնավաճառ։ Միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ստացել Միքայել Բադալյանը։ Այնտեղ երիտասարդը ներկայացրել է իր նոր աշխատանքները։ Կավից, խեժից և այլ նյութերից պատրաստված տարբեր կոմպոզիցիաներ։ Դրանք բոլորն էլ հետաքրքիր են և օրիգինալ, ինքնատիպ և ձեռքի աշխատանք սկզբից մինչև վերջ։
Հատկապես աչքի ընկավ պատի ժամացույցների շարքը, որոնք պատկերում էին Արցախի տաճարներն ու պատմական հուշարձանները՝ Ասկերանի տանկը, Հադրութի եկեղեցիները և, իհարկե, Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը։
Միքայելի մայրը՝ տիկին Ազգանուշը նկատել է, որ որդին ժամացույցի վրա յուրովի է նկարում Արցախի սրբությունները՝ ընկղմվելով ինչ-որ աուրայի մեջ, ասես ուզում է դրանք հավերժ մտցնել անսահմանության մեջ։ Ուստի, ըստ նրա, դրանք պարզապես հուշանվերներ չեն, այլ հիշողություն և հիշեցում, որ վերադարձի հույսը չպետք է վերանա։
Ադվարդ Գրիգորյան
P.S. Step1-ի խմբագիրները կարող են Միքայել Բադալյանի կոնտակտները տրամադրել նրա ստեղծագործությունները գնել ցանկացողներին։
Լուսանկարները՝ Վիկտորյա Գրիգորյանի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: