Մուսաևին դեռ “կարգին” չեն հարցաքննել, բայց նրան կդատեն Հայաստանում, հետո կտեսնենք

Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների ու Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հարցը տարբեր թեմաներ են, «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության բացառելով փոխանակման հնարավորությունը:

«Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից: Հիմա ենթադրենք, ասում ենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, բա որ մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու», – ասել է Փաշինյանը:

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որ ըստ պաշտոնական Բաքվի, ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ Սյունիքի Շաքի գյուղում: Նախքան վնասազերծվելը նա մտել էր գյուղի տներից մեկը: Տանտիրուհին, իր երկու անչափահաս երեխաներին զինվորից պաշտպանելիս, ոտքի ծանր հրազենային վիրավորում է ստացել, կորցրել ձեռքի մատները:

Փաշինյանը «անհեթեթություն և լեգենդ» է համարել այս օրերին քննարկվող վարկածը, թե հնարավոր է Ադրբեջանից դիվերսիոն ներթափանցում է եղել: Դիվերսիան հերքելուն զուգահեռ վարչապետը ընդունել է, որ Մուսաևը, որը ևս վիրավորված է ու բուժում է ստանում, դեռ «լիարժեք չի հարցաքննվել»:

Վարչապետը նաև նշել է, որ զինծառայողը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել, հանձնվել է իրավապահներին. «Ամբողջական պահունակով ավտոմատ է եղել մոտը։ Նա գնացել, այդ տանը քնել է, հետո տանտերերը եկել են, հայտնաբերել են, և այդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել այդ ամեն ինչը», – ասել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Մուսաևն «առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում և պատիժը կկրի»:

Անդրադառնալով Հայաստանի սահմանն անցնելու հարցին, վարչապետը նշել է, թե նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և «փաստ չէ՝ այդ զինվորն ուզել է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել ու անցել է Հայաստան»:

Վարչապետը նաև հաստատեց, որ Մուսաևի որոնումները շարունակվում էին մի քանի օր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։ Սակայն, չափազանց դժվար տեղանքի պատճառով, նրան չեն գտել։ «Իհարկե, պետք է մանրամասն հետաքննություն անցկացվի այն մասին, թե ինչպես է նա անցել [Հայկական կողմ]», – նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը նաև քրեական գործ է հարուցել զինծառայողի դեմ՝ դասալքության համար։