Շտաբի պետն ասում է, որ տարածքները “կազատագրեն” սահմանազատմամբ․ իսկ Հադրո՞ւթը

  • 17:06 28.10.2024

«Ես առաջարկում եմ այդ հարցն այլեւս ինձ չտալ, որովհետեւ դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, եւ ես պուբլիկայի դիմաց դրան չեմ պատասխանի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանցիներին դուրս չեն շպրտում ՀՀ օկուպացված տարածքներից։

Մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկի տարածքներն օկուպացրած ադրբեջանցիները կսովածանան ու կգնան։ Լրագրողներն այսօր հարցրին Ասրյանին՝ ադրբեջանիցները գնացե՞լ են։

«Ես դա ասել եմ, բայց դա եղել է 2022 թվականին, հիմա 2024 թվականն է։ Դուք ձեր հարցադրումով կոնկրետ ուզում եք Գլխավոր շտաբի պետին ասեք, որ գլխավոր շտաբի պետը պետք է զենք վերցնի եւ գնա այնտեղից հանի՞։ Ճիշտ հարց չեք տալիս ինձ, ես այդ հարցին չեմ պատասխանում»։

Դիտարկումներին, որ ԳՇ պետը չի կատարում իր պարտականությունները, նա պատասխանեց․ «Ես ձեր խոսափողների դիմաց խոստովանություն չեմ կատարում, եւ դուք էլ իրավունք չունեք այստեղ ինձ հարցադրում անել պատասխանատվության մասով։ Դրա համար կան իրավապահ մարմիններ, դատախազություն, Քննչական կոմիտե, եթե պատասխանատու եմ, ապա իրավապահ մարմիններն իրենց անելիքը գիտեն։ Մեր սահմանների անվտանգության համար միայն գլխավոր շտաբի պետը չէ պատասխանատու, պատասխանատու են բոլորը, դուք էլ եք պատասխանատու»։

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ չի տեսնում այս փուլում․ «Ոչ, այսպիսի վտագներ, սպառնալիքներ չկան ներկա դրությամբ։ Սահմաններում իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»։

Ծննդով հադրութցի Ասրյանը հավելեց, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշման հետ, որ ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չպետք է դրվի․ «Կա սահմանազատման գործընթաց, եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերակագնում՝ համապատասխան սահմաններով։ Ես վստահ եմ, որ սահմանազատման, խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»։

Նա չասաց, թե ինչ կլինի Հադրութին և ամբողջ Արցախի դեպքում, քանի որ, ըստ ընդունված կանոնակարգի, Արցախը արդեն դուրս է սահմանազատման “փակագծերից”։

f