Բունտ ֆուտբոլի դաշտում. Մելիքբեկյանն է մեղավոր

  • 12:26 01.11.2024
Լուսանկարը՝ newsarmenia.ru կայքից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան շարժումներին, որոնք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
«Երկար ժամանակ է` «Ուրարտու» ՖԱ-ն բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ակումբի` իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում, ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ։
Ընդգծվում է, որ անարդյունավետ նշանակումներ են տեղի ունենում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում։ Ակումբը անընդունելի է համարում Հայաստանի բարձրագույն առաջնության հանդիպումների ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին)։
«Ուրարտու» ՖԱ-ն համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը։
f