2023-ի սեպտեմբերի 19-ի ողբերգական պատերազմից հետո ճակատագիրն արցախահայության համար հերթական արհավիրքն էր նախապատրաստել։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը բազմապատկեց արցախցիների ցավը։ Զոհվեցին 238 մարդ, վիրավորվեցին հարյուրավորները, 22 հոգու ճակատագիր անհայտ է, տասնյակները դեռևս պայքարում են լիարժեք ապաքինվելու համար:
Միքայել Առստամյան: Երեք երեխաների հայր, երկու քույրերի մինուճար եղբայր, մոր հպարտություն, թև ու թիկունք:
Արցախյան առաջին պատերազմում զոհված Վլադիմիր Առստամյանի որդին դաստիարակվել էր իսկական արցախցի տղամարդու կերպարով։ Շուրջ 26 տարի Միքայելը ծառայել է Արցախի ուժային տարբեր կառույցներում։ 15 տարի ԱՀ ոստիկանության, ապա՝ փրկարար ծառայության շարքերում էր։ 2020-ի պատերազմից հետո ծառայության է անցել ԱՀ ԱԱԾ-ի շարքերում։
Մայրը` տիկին Ալինան, լռելյայն է տանում մինուճար որդու կորստի ցավը։ Սեպտեմբերի 25-ին միանգամից փոշիացան նրա երազանքները, երկինքն ասես փուլ եկավ գլխին, թվում էր՝ չի կարող այլևս ապրել առանց որդու։
Արցախից տեղահանվելուց հետո Միքայելի ընտանիքը հաստատվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Վիշտն անասելի ծանր է որդեկորույս մոր համար, սակայն, երբ նայում է անհայր մնացած թոռնիկների ու հարսի աչքերին, հասկանում է, որ պետք է ուժ հավաքի և հանուն նրանց՝ ապրի։ Նահանջելու իրավունք չունի։
Թեև շատ դժվար է, սակայն Առստամյանները փորձում են հարմարվել, ինտեգրվել նոր միջավայրին։ Ընտանիքում աշխատող չկա և ինչպես են շարունակելու ապրել՝ չգիտեն։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: