Հոկտեմբերի 21-ին Արցախի 60 հասարակական կազմակերպություններ նամակ են հղել Հայաստանի ԱԳՆ, որին այդպես էլ պատասխան չեն ստացել։
Նամակում ասվում է, որ «Հայաստանն ունի բավարար իրավունքներ և պարտավորություններ՝ պաշտպանելու Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ողջ շրջանակը, ինչն ամրագրված է ընդունված փաստաթղթերում՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով»։
Նամակի հեղինակները մատնանշում են Բաքվի և Մոսկվայի նախաձեռնած ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վերացման գործընթացին Հայաստանի մասնակցության անթույլատրելիությունը։
“ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է”, ասված է նամակի մեջ:
Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանելու ոչինչ չունի արցախցիների օրինական պահանջներին, ինչպես նաև ազգային դավաճանության և հանուն սեփական իշխանության պետական շահերը զոհաբերելու հիմնավոր մեղադրանքներին։
Հայաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև կառավարող ողջ խ,բակը պետք է պատասխանի այս հարցերին ազգային տրիբունալի առջև, որն առաջնորդվելու է ոչ թե զոմբիացնող պատմություններով, այլ փաստերով։ Իսկ փաստերն անողոք են. խախտվել է Հայաստանի ամբողջականությունը, Սահմանադրությունը, պետության հիմքը, Հայաստանի պարտավորությունները, խարխլվում է ազգային ինքնությունը, Արցախը օկուպացված է, 150 հազար մարդ զրկված է իր հազարամյա հայրենիքից։ Եվ ոչ մի հաջողություն արտաքին քաղաքական ճակատում, ոչ մի այլ փաստարկ, քան «պատերազմից այլ կերպ հնարավոր չէր խուսափել»:
Հայաստանի ԱԳՆ-ն մահացու վախենում է Արցախի ժողովրդի հարցերից. Արարատ Միրզոյանի «քացով տալու» փորձերը՝ հայտարարել, որ «մենք առաջարկել ենք ընդունելի լուծում, բայց Արցախի իշխանություններն իրենք են մարդկանց քշել Հայաստան՝ այնտեղ իշխանափոխություն անելու համար», չեն դիմանում քննադատություններին անգամ հավաբնում։ Ինչպես նաեւ ԱԳՆ կայքից վախկոտորեն ջնջված «Լեռնային Ղարաբաղ» բաժինը և Ֆրանսիային և այլ երկրներին հայանպաստ որոշումներից ետ պահելու նպատակով հրատապ գործուղումները։
Տրիբունալում հարցեր կհնչեն նաև Միրզոյանի այն հայտարարության վերաբերյալ, որ ցեղասպանության հարցը Հայաստանի ԱԳՆ ծրագրում առաջնահերթություն չէ։
Իսկ ո՞րն է առաջնահերթությունը՝ մտնել «ակումբ», որտեղ քեզ մեկ է չեն ընդունում, ցուցադրել թանկարժեք ժամացույցդ։ Արդյո՞ք առաջնահերթություն է շոյել սեփական սնոբիզմը և ձևացնել, թե գիտես մի բան, որը ուրիշները չգիտեն:
Արարատ Միրզոյանը հասկանում է, որ «մեղավորների» հերթում հաջորդն ինքն է լինելու՝ պաշտոնանկ «ուժայինների» հետևից։ Իզուր չէ, որ Փաշինյանը «ջնջեց» արտաքին գործերի նախարարության բոլոր ծառայողական մեքենաները. Ժամանակն է, որ Միրզոյանը նորից վարժվի հասարակական տրանսպորտից օգտվելուն. Թռիչքն ավարտված է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: