Սփյուռքի աջակցությունը դրսևորվում է ոչ միայն խոշոր ծրագրերով, այլև ձեռք մեկնելով

Հայկական սփյուռքը տարիներ շարունակ կարևոր դեր է ունեցել Հայաստանի և Արցախի տարբեր սոցիալական, մարդասիրական ու բարեգործական նախաձեռնություններում։ Պատերազմների և ճգնաժամերի տարիներին այդ աջակցությունը դրսևորվել է ինչպես կազմակերպությունների ու հիմնադրամների, այնպես էլ առանձին անհատների միջոցով՝ ֆինանսական օգնությունից մինչև առողջապահական, կրթական, բնակարանային և սոցիալական ծրագրեր։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո ևս սփյուռքի տարբեր համայնքներ և կազմակերպություններ ներգրավվել են արցախցիներին աջակցելու գործընթացում։

Սակայն սփյուռքի աջակցությունը միայն խոշոր ծրագրերով կամ կազմակերպված նախաձեռնություններով չի սահմանափակվում։ Երբեմն այն սկսվում է մեկ մարդու արձագանքից՝ որևէ ընտանիքի, մասնագետի, արվեստագետի կամ պարզապես դժվար իրավիճակում հայտնված մարդու պատմությանը։

Մի աշխարհում, որտեղ պատերազմները, բռնություններն ու սոցիալական խնդիրները հաճախ մարդկանց ստիպում են կենտրոնանալ սեփական դժվարությունների վրա, շարունակում են լինել մարդիկ, որոնք պատրաստ են օգնել նաև իրենց անծանոթներին։ Նման օրինակներ կան նաև արցախցիների դեպքում, երբ Հայաստանից և սփյուռքից անհատներն ու կազմակերպությունները տարբեր ձևերով աջակցել են բռնի տեղահանված մարդկանց։

Այս առումով ուշագրավ են  Step1.am-ի կողմից հրապարակված մի քանի պատմություններ, որոնց հերոսներին աջակցությունը հասել է հենց նրանց մասին հրապարակված պատմություններից հետո։

Հայասեր Պետրոսյանի պատմությունը Ստեփանակերտի բնակչի մասին է, որը չորս պատերազմների միջով էր անցել, իսկ ավտովթարից հետո ստացել էր ողնաշարի ծանր վնասվածք։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո նա կնոջ և երեք երեխաների հետ հայտնվել էր Լճաշենում՝ ծանր սոցիալական պայմաններում և բուժման անհրաժեշտության առաջ։

Մեկ այլ պատմություն Դավիթ և Հենրիխ Բեգլարյանների մասին է։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով եղբայրները ծանր այրվածքներ էին ստացել և երկարատև բուժման ու վերականգնման կարիք ունեին։

Այս պատմություններից ընդամենը մի քանի շաբաթ անց Կալիֆոռնիայում բնակվող մի հայուհի կարդացել է այդ նյութերը և որոշել ֆինանսապես աջակցել պատմությունների հերոսներին։ Նա անձամբ չէր ճանաչում նրանց․ նրանց կապող հանգամանքը հրապարակված պատմություններն էին։

Նման աջակցությունը միայն անհատական դեպքերով չի սահմանափակվում։ «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնադրամի հիմնադիրը հայազգի ամերիկացի Շանթ Չարշաֆճեանն է, որը սփյուռքի իր ընկերների միջոցով սկսեց միջոցներ հավաքել Արցախի համար։ Հետագայում հիմնադրամը շարունակեց գործունեությունը նաև բռնի տեղահանությունից հետո՝ աջակցելով արցախցի ընտանիքներին, այդ թվում՝ բնակարանային խնդիրների լուծմանը։

Սփյուռքի աջակցության մեկ այլ օրինակ է «Զարկերակ» երաժշտական ստուդիան։ Ստուդիայի հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարը Գագիկ Միրզոյանն է։ Արցախից բռնի տեղահանությունից հետո նա կարողացել է վերականգնել ստուդիայի աշխատանքը Հայաստանում՝ շարունակելով երաժշտական կրթությունը երեխաների և պատանիների համար։ Այսօր ստուդիայում սովորում են ինչպես արցախցի, այնպես էլ Հայաստանի տարբեր համայնքների երեխաներ։

Առանձին ուշադրության է արժանի Կարենի պատմությունը։ Կարեն Նասիբյանը երաժիշտ և դաշնամուրի ուսուցիչ է, կոմպոզիտոր Արմեն Նասիբյանի որդին, որը «Ազատ ու անկախ Արցախ» օրհներգի երաժշտության հեղինակն է։ Կարենը ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 28 տարի դասավանդել է Արցախում և տարիներ շարունակ աշխատել նաև որպես երաժշտական գործիքների լարող։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Կարենը հայտնվել էր Դիլիջանի ծանր պայմաններում՝ բնակվելով նախկին գիշերօթիկ դպրոցի շենքում, որտեղ չկային գազ, էլեկտրականություն և անհրաժեշտ կենցաղային պայմաններ։ Միաժամանակ նա աշխատանք չէր կարողանում գտնել։

Պատմության հրապարակումից հետո արձագանքը երկար սպասել չտվեց։ Հաջորդ օրը «Հայորդի» բարեգործական միությունը հայտարարեց, որ Կարենին աշխատանք կտրամադրի իր երաժշտական համույթում և կվճարի աշխատավարձ։ Բացի այդ, նրա աջակիցները պարտավորվեցին մինչև տարեվերջ վճարել բնակարանի վարձը։

Օգնության մեկ այլ օրինակ է Յակովի մոր պատմությունը։ Յակովը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել էր ռազմաճակատ և մասնակցել մարտերին։ 2020 թվականի նոյեմբերի 5-ին նա զոհվել է Շուշիի համար մղվող մարտերում։ Յակովը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Այսօր աջակցություն է անհրաժեշտ նաև նրա մորը։ Նրա բուժման և անհրաժեշտ ծախսերի համար reArmenia հարթակում հանգանակություն է նախաձեռնվել, որին կարող են միանալ տարբեր մարդիկ՝ իրենց հնարավորությունների չափով աջակցելով ընտանիքին։

Այս պատմությունների միջև ընդհանուր մի բան կա․ օգնությունը հաճախ սկսվում է մեկ մարդու արձագանքից։ Այդ մարդը կարող է լինել հարևան, ընկեր, բարեկամ կամ մեկը, ով պարզապես կարդացել է պատմությունը և որոշել է չմնալ անտարբեր։

Արցախցիների բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ ընտանիքներ հայտնվեցին նոր իրականության մեջ՝ կորցնելով տունը, աշխատանքը, սոցիալական կապերը և տարիներով կառուցված առօրյան։ Այդ պայմաններում պետական և կազմակերպված աջակցության կողքին կարևոր է նաև անհատական օգնությունը՝ հատկապես այն դեպքերում, երբ այն հնարավորություն է տալիս մարդուն հաղթահարել կոնկրետ խնդիրը կամ շարունակել իր աշխատանքը։

Այս օրինակները ցույց են տալիս, որ Հայաստանի և սփյուռքի միջև աջակցությունը կարող է դրսևորվել ոչ միայն խոշոր ծրագրերով։ Երբեմն այն սկսվում է մեկ պատմությունից, որը կարդում է մեկ մարդ, և վերածվում կոնկրետ օգնության մեկ ուրիշ մարդու։

Արսեն Աղաջանյան