Չկա ոչ մի միջպետական պայմանագիր, ուղղակի տեղում զիջումներով սյուները խփում են

  • 18:43 06.12.2024

«Այս քաղաքականությունը կհանգեցնի մեր բոլոր շահերի հանձնմանը Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը դելիմիտացիա է կոչում մի բան, որը միջազգային իրավունքով այդպես չէ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ առաջիկայում նոր հատվածում է իրականացվելու դելիմիտացիա։

«Դելիմիտացիան, ըստ միջազգային իրավունքի, այն է, երբ միջպետական պայմանագրով որոշվում է, նկարագրվում է սահմանը, հետո տեղում դեմարկացիա է արվում՝ սահմանանշում։ Մեր դեպքում չկա ոչ մի միջպետական պայմանագիր, ոչինչ գոյություն չունի, ուղղակի գնում են, տեղում զիջումներով սյուները խփում են։ Առավել եւս սկզբունքները համաձայնեցված չեն, որովհետեւ այն հատվածում, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին, ինքն ասում է՝ ես ՍՍՀՄ քարտեզն եմ օգտագործում, մեկ ուրիշ հատվածում ասում է՝ ուրիշ բան եմ օգտագործում։ Եվ Նիկոլը նրանց բոլոր պահանջներին համաձայնում է։ Սա ըստ էության պետական եւ ազգային շահերի մեծ աճուրդ է, եւ երկրի ղեկավարը, որը տարածքային ամբողջականության երաշխավորն է, ըստ էության հանդես է գալիս դրա դեմ»,- ասաց Արա Պապյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, թե իր վարած այս քաղաքականությունը, Արցախը հանձնելը «Հայաստանի պետականությունը փրկելու միակ շանսն է»։

«Ինքը սուտ է խոսում, որովհետեւ սա բնավ փրկություն չէ, երբ դու քո անվտանգության աստիճանը մի քանի աստիճանով իջեցնում ես։ Ուղղակի իր խարդախ եւ խաբեբա քաղաքականությունն է, ինքն ամեն ինչ անում է, որ վատ լինի, ոչ մի քայլ չի անում, որպեսզի մեզ այլ հնարավորություններ տրվեն, եւ ասում է՝ սա միակն է։ Իհարկե, եթե դու քեզ մեկնած ձեռքը չսեղմես, եթե քեզ առաջարկվող զենքը չգնես կամ նվեր չստանաս, եթե երկրում ռազմարադյունաբերությունը ոչ թե զարգացնես, այլ խեղդես, տնտեսությունդ խեղդես, վերջում կկանգնես, կասես՝ դե ուրիշ հնարավորություն չկա։ Եթե ինքն ուրիշ այլ հնարավորություն չի տեսնում, թող հրաժարական տա ու գնա, ես գամ, շատ ավելի լավ հնարավորություններ կստեղծեմ ու կես տարի հետո կասեմ՝ ձեր նախկին ղեկավարը ձեզ խաբում էր»,- ասաց Պապյանը։

Ռոզա Հովհաննիսյան