Կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում

  • 20:50 10.12.2024

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Հայտնի չէ, թե երկու երկրներից ինչ պաշտոնյաներ կամ մասնագետներ են մասնակցել սահմանին կայացած հանդիպմանը։

Երևանի բանագնացն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց, միայն փոխանցեց. – «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:

Թուրքիայից չեն թաքցնում՝ հայ-թուրքական հաշտեցումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական կարգավորման հետ: Երկու օր առաջ նույնը պնդել է այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ խաղաղության հաստատման համար կարևոր պայման համարելով նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումն ու Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի կատարումը:

Հիշեցնենք, որ այսօր Էրսողանն ու Ալիեւը հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում և Սիրիայում տիրող իրավիճակը։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Ալիեւի նախաձեռնությամբ։