Աբխազական «Սարսանգում» ջուր չի մնացել. մնում է որոշել «հանրապետության լուծարման» օրը

  • 16:04 11.12.2024

Ամբողջ Աբխազիայում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է երկրի միակ էլեկտրակայանի՝ Ինգուր հիդրոէլեկտրակայանի աշխատանքի դադարեցման պատճառով։

Աբխազական Черноморэнерго էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ Ինգուր ՀԷԿ-ի վթարային դադարեցումը տեղի է ունեցել ջրի խիստ ցածր մակարդակի և անբավարար ներհոսքի պատճառով: Սպառողների համար լույսի միացման գրաֆիկները կշարունակվի։

Աբխազիայի արեւմտյան հատվածը եւ մայրաքաղաք Սուխումը հիմնականում էլեկտրաէներգիա են մատակարարվում Ռուսաստանից հոսքերի միջոցով։ Այնուամենայնիվ, հանրապետությունում դեռևս առկա է էներգիայի պակաս։ Դեկտեմբերի 9-ից էլեկտրաէներգիան մատակարարվում էր օրական ընդամենը երկու անգամ՝ 2 ժամ 20 րոպե (ընդհանուր առմամբ 4 ժամ 40 րոպե) և գիշերը։

Հիշեցնենք, որ Աբխազիայի «շրջափակումը» սկսվեց այն բանից հետո, երբ Աբխազիայի ընդդիմությունը թույլ չտվեց հաստատել Ռուսաստանի հետ կնքած ներդրումային համաձայնագիրը, ըստ որի ռուսները կարող էին տնօրինել Աբխազիայում անշարժ գույքը։ Ընդդիմությունը հասավ նախագահի հրաժարականին, իսկ ներդրումային պայմանագիրը չվավերացվեց։ Եւ միանգամից խնդիրներ սկսվեցին սոցիալական ապահովության հետ կապված. Ռուսաստանը փող չի փոխանցում բժիշկների և ուսուցիչների աշխատավարձերի և թոշակների համար: Հիմա սկսվել է էներգետիկ ճգնաժամը։ Կարելի է ակնկալել Աբխազիայի Հանրապետության մոտալուտ «լուծարում»։

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, սկսվեց Արցախի շրջափակումը, որն ուղեկցվեց էներգետիկ ճգնաժամով, սովով և ավարտվեց հանրապետության «լուծարմամբ»։ Այն բանից հետո, երբ Արցախում Սարսանգի ջրամբարն ամբողջությամբ ցամաքեց, սկսվեց ագրեսիան, օկուպացիան ու տեղահանությունը։