Շնորհավոր երկնային ծնունդդ, Վահե

  • 21:40 24.12.2024

Վահե Ավագյանն Արցախյան 44-օրյա պատերազմի կամավորականներից էր։ Մի երիտասարդ, ով պատերազմի հենց առաջին օրվանից գիտեր՝ Հայրենիքի համար օրհասական այս պահին իր տեղը մարտական դիրքում է։ Սեպտեմբերի 27-ին նա մեկնեց պատերազմ ու այլևս չվերադաձավ։

Երեք քույրերի մինուճար եղբայր էր Վահեն երկար սպասված արու զավակ՝ Ավագյանների ընտանիքում։ Ծնվել է 1989-ի դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1992-ին նրանց ընտանիքը ժամանակավոր տեղափոխվել է Երևան։ Առաջին դասարանը Վահեն հաճախել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ 196 հիմնական դպրոցում։ Ուսումնական տարին ավարտելուց հետո ընտանիքը վերադարձել է Արցախ։ Վահեն ուսումը շարունակել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան հ 9 միջնակարգ դպրոցում։ Տաղանդաշատ երեխա էր, փոքրուց աչքի էր ընկնում կավագործության և նկարչության հանդեպ սիրով։ Հաճախակի էր հոր հետ նկարում, կամ կավից հետաքրքիր իրեր պատրաստում։ 2001-ին սովորել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ 2006-ին ընդունվել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը։ 2014-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2020-ին Վահեն, որպես իրավաբան, աշխատում էր Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում։

44-օրյա պատերազմի ժամանակ Վահեն Արցախի Վարանդայի շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում էր, որտեղ ծանր ու անհավասար մարտեր էին մղվում։ Վահեն ՑՈՐ-ի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի հրետանավորների հետ էր։ 44-օրյա պատերազմը դաժան էր։ Հարյուրավոր տղաներ էին ընկնում, Արցախը շաղախվում էր նրանց արյամբ։ Օրերն անցնում էին, պատերազմը չէր ավարտվում։ Մոր՝ Սուսաննայի հետ Վահեի վերջին զանգը հոկտեմբերի 12-ին էր, որից հետո հաջորդեցին լռության ծանր ու դաժան օրերը։ Կապը կտրվել էր դիվիզիոնի տղաների հետ։ Օրեր անց հարազատներին էին հասնում գույժերը․ կատարվել է աղետալին․․․ Վահեն չէր գտնվում։ Միայն 75 օր հետո Վարանդայի շրջանում կատարված որոնողական աշխատանքների արդյունքում գտնվեց Վահեի մարմինը։

Դիվիզիոնի 35 տղաներից ընդամենը 14-ը վերադարձան տուն։ 11 տղաների աճյուններ հողին հանձնվեցին մոտ 1․2 տարի անց։

Քույրը՝ Նարեն, ցավով ու կարոտով է խոսում մինուճար եղբոր մասին։ Դեկտեմբերի 12-ին Վահեի ծննդյան տարեդարձն է, սակայն հարազատները չեն կարողանում այցի գնալ ու ծաղիկ խոնարհել նրա հիշատակին

-Առատաձեռն էր, մեծահոգի, և այդ էր պատճառը, որ միշտ շրջապատված էր լավ ընկերներով ու բարեկամներով, որոնք անվերապահորեն վստահում էին նրան։ Նրանից հետո մենք ապրում ենք Աստծո մխիթարությամբ և հուշերով։ 75 օր շարունակ փնտրում էինք Վահեին, նրա մարմինը գտանք Աստծո ողորմածությամբ ու հողին հանձնեցինք։ Հայրս, չկարողանալով դիմանալ որդու կորստի ցավին, կյանքից հեռացավ Վահեի զոհվելուց մեկ տարի հետո։ Այսօր հայր ու որդի՝ իրար փարված, հավերժված են Արցախի հողին։ Ծանր է հեռու գտնվել ամենահարազատ մարդկանց շիրիմներից, զրկված լինել նրանց գերեզմաններին ծաղիկ խոնարհելու և խնկարկելու հնարավորությունից։ Բայց մենք փարատվում ենք նրանով, որ Վահեն ու հայրս երկնային արքայությունում են, Աստծո լույսերի մեջ,- ասում է քույրը, ապա շարունակում,- առանց Վահեի մեր կյանքը թերի է, այժմ էլ մնացինք առանց Արցախի ու չգիտենք՝ ինչպես ապրել։

Ավերիչ պատերազմն իր հետքն է թողել Ավագյանների գերդաստանի վրա՝ զրկելով նրանց մինուճար զավակից։ Վահեն նշանված էր նա հասցրել էր զգալ սիրելու և սիրված լինելու ջերմությունը։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

f