Վաղվանից Արցախի ներկայացուցչությունում գործելու է աշխատանքային խումբ

  • 23:51 29.05.2026

Այսօր Արցախի ներկայացուցչություն էին այցելել մեծ թվով արցախցիներ, նրանց պարզաբանում տրվեց ընտրական իրավունքի վերաբերյալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին։

Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիներին ասաց, որ վաղվանից մինչեւ հունիսի 7-ը Արցախի ներկայացուցչությունում գործելու է աշխատանքային խումբ։ Այն կաջակցի արցախցիներին դիմումներ կազմել, նախ դիմել անձնագրային ծառայություններ՝ ընտրական ցուցակներում ընդգրկվելու պահանջով։ Մերժում ստանալուց հետո արցախցիներին կօգնեն իրենց ընտրական իրավունքը վերականգնելու հայցեր ներկայացնել դատարաններ։ Դատարանից վճիռը ստանալուց հետո, փաստաբանի խոսքով, արցախցիները կկարողանան գնալ ու մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, քանի որ արդեն կան նախադեպեր։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանն ասաց, որ ընտրական ցուցկաներում ընդգրկվելու դիմումը լրացնելու երեք տարբերակ կա։ Առաջինը արցախցիներն անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ Արցախի ներկայացուցչություն։ Նաեւ օնլայն կարող են լրացնել դիմումը, ասաց, որ դիմումի օնյալն  ձեւը հասանելի կդարձնեն համացանցում։

«Հաջորդ տարբերակը՝ դուք կարող եք տանը դիմումը պատճենել, լրացնել ձեր անձնագրային տվյալները, կցել ձեր անձնագրի պատճենը, որտեղ նաեւ հստակ նշված կլինի ձեր հասցեն։ Դնում եք ծրագրի մեջ, գնում եք փոստ եւ ուղարկում եք։ Բայց քանի որ առջեւում շաբաթ-կիրակի է, մեզ համար ցանկալի է, որ դա անենք օնլայն։ Եթե դուք ունեք տատիկ-պապիկներ, ովքեր դժվարանում են, իրենց օգնեք, որ օնլայն դիմումի ձեւը լրացնեն։ Հաջորդ տարբերակը՝ գնում եք անձնագրային բաժանմունքներ, դիմումը լրացրած, երբ ձեր ձեռքից չեն վերցնում այն, դուք աղմուկ եք բարձրացնում, պահանջում եք, որ անձնագրային պատասխանատուն մոտենա եւ նամակն անպայման մուտք անի։ Բայց քանի որ առջեւում շաբաթ-կիրակի է, վերցնում եք ձեր անձնագրերը, գալիս եք Արցախի ներկայացուցչություն, եւ մենք ձեզ կօգնենք օնլայն լրացնել։ Դրանից հետո դուք ստիպված կլինեք եւս մեկ անգամ էլ գալ Արցախի ներակայցուցչություն, որտեղ կրկին կլրացնենք ձեր դիմումը, կկցենք մերժման դիմումը եւ կուղարկենք դատարան։ Այսինքն՝ մենք ընդամենը երկու օրում կարող ենք մեծ հաջողության հասնել։ Նաեւ ասեմ, որ այսօր արդեն 100-ից ավելի նամակ ենք մուտք արել, 100-ից ավելի մերժումներ են եկել, եւ այս պահին տարբեր մարզերում կամավորները նստած՝ դիմումները լրացնում ենք»,- ասաց Սայիդա Պողոսյանը։