Արցախցիներն ունեն ընտրության իրավունք։ Եվ դա արձանագրում է դատարանը

  • 23:16 29.05.2026

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում չորս արցախցի դիմել են դատական պաշտպանության՝ իրենց ընտրացուցակներում ներառելու պահանջով։ Չորս դիմողից երեք դիմողի դիմումը դատական ակտով բավարարվել է։ Այսինքն՝ դատարանները երեք տարբեր որոշումներով արցախցիների հայցերը բավարարել են։ Ընդ որում, այդ որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չեն։ Մեկ դիմում մերժվել է՝ պայմանավորված այլ հանգամանքով, զուտ պայմանավորվել է այն հանգամանքով, որ վեճը ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով։ Այսինքն՝ չի ասել՝ արցախցին չունի ընտրելու իրավունք։ Իսկ մյուս երեք դատական ակտերով հստակ արձանագրվել է, որ արցախցին, անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանքից, քաղաքացիություն ունենալուց կամ չունենալուց, ունի ընտրական իրավունք»,- այսօր Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա նշեց, որ Քաղաքացիության մասին օրենքով Հայաստանի Հանրապետության անձնագիր կարող է կրել բացառապես ՀՀ քաղաքացին։ Եվ եթե արցախցին կրում է ՀՀ քաղաքացու անձնագիր, որի առաջին էջում իր քաղաքացիությունը նշված է ՀՀ քաղաքացիություն, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված կարգով։ Իսկ օրենքով կամ նորմատիվ ակտով սահմանված չէ, որ քաղաքացու քաղաքացիությունը կարող է դադարել կառավարության որոշմամբ։

«Այ սա է դատարանի որոշման տրամաբանությունը։ Դատարանն ասում է՝ եթե դու այդ մարդուն շնորհել ես ՀՀ քաղաքացիություն կամ այդ մարդն ունի ՀՀ քաղաքացիություն, ապա կառավարության որոշմամբ այն դադարել չի կարող։ Եվ քանի որ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի ուժով ՀՀ քաղաքացին ունի ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու ու քվերարկելու իրավունք, ուստի, արցախցիներն այդ պարզ տրամաբանությամբ կարող են մասնակցել սպասվող ընտրություններին»,- ասաց Երիցյանը։

Նա նշեց, որ ՆԳՆ-ն անհեթեթ հայտարարություն է տարածել՝ փորձելով ներկայացնել, թե դա այդպես չէ։ Ռոման Երիցյանի խոսքով՝ ՆԳՆ հայտարարությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման նկատմամբ անարգանք է, որովհետեւ դատարանն իր որոշման մեջ հստակ նշել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ «ՆԳՆ-ն սա անտեսեց, ասում է՝ չէ, դա այդպես չէ։ Եվ գիտե՞ք զարմանալին ինչ է, որ ՆԳՆ-ն բողոքարկել է դատարանի որոշումը, բողոքարկել է մի որոշում, որը բողոքարկման ենթակա չէ։ Հաջորդ գործողությունը, որն ինձ մոտ շատ մեծ զարմանք է առաջացրել, այն է, որ Վերաքննիչ դատարանը կայծակնային արագությամբ վարույթ է ընդունել բողոքարկման ոչ ենթակա որոշումը»,- նշեց նա։

Փաստաբանը հավելեց․ «Ի՞նչ է ստացվում՝ դատարանը կայացնում է որոշում, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է, հրապարակման ենթակա չէ։ ՆԳՆ-ն իրեն թույլ է տալիս քննադատել դատարանի որոշումը, անարգանք ցուցաբերել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման նկատմամբ, այն չկատարել, այսինքն՝ կատարել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն։ Իսկ Վերաքննիչ դատարանը, առանց որեւէ պատճառաբանության, կայացնում է տիպային վարույթ ընդունելու որոշում»։

Նա նշեց, որ արցախցուն տրված անձնագիրն արտաքին առումով եւ բովանդակությամբ ոչնչով չի տարբերվում ՀՀ քաղաքացու անձնագիրից, միայն մեկ տարբերություն կա՝ ստորաբաժանումը 070։ «Ասեմ ավելին՝ մենք ունենք արցախցիներ, ովքեր, ըստ ՆԳՆ-ի, չունեն ՀՀ քաղաքացիություն, բայց ունեն Հայաստանից ստացած անձնագիր, օրինակ, տրված 001-ի կողմից։ Նրանց եւս չեն համարում քաղաքացի։ Մարդիկ ունեն նույնականացման քարտ՝ ՀՀ-ում ստացած, բայց իրենց եւս չեն համարում ՀՀ քաղաքացի։ Լավ, անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է, բա նույնականացման քարտն ի՞նչ է։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է գնալ ու պետք է քվեարկել, արցախցիներն ունեն ընտրության իրավունք։ Եվ դա արձանագրում եմ ոչ թե ես, դա արձանագրում է դատարանը։ Չհաշվառված արցախցիների մասով, ես ընդունում եմ, կա ընտրություններին մասնակցելու խնդիր։ Բայց այն արցախցիներին, ովքեր հաշվառված են ՀՀ-ում, ունեն ընտրությանը մասնակցելու իրավունք, ընտրացուցակներում չներառելը, իմ կարծիքով, հետագայում ընտրարդյունքներն անվավեր ճանաչելու հստակ հիմքեր են»,- ասաց Ռոման Երիցյանը։

Փաստաբանը նշեց, որ սրանով խոչընդոտում են արցախցիների ընտրական իրավունքի իրացմանը, քանի որ իշխանությունները գիտեն, թե արցախցիների մեծ մասն ինչ դիրքորոշում ունի իրենց նկատմամբ։