Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Իլհամ Ալիևը շեշտել է, որ Բաքուն շարունակում է ջանքերը՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար» և ընդգծել, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։
Ադրբեջանական կողմի համաձայն, եվրոպացի դիվանագետն իր հերթին ընդգծել է «Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը», հավելելով, որ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»:
Բաքվում հանդիպում են ունեցել նաեւ Իլհամ Ալիևը և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախ «շնորհավորել է Ադրբեջանին իր տարածքներն օկուպացիայից ազատելու կապակցությամբ և ասել, որ իրենք շատ ուրախ են դրա համար»։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։
Ալի Աքբար Ահմադիանը կժամանի նաև Երևան, որտեղ վաղը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԵՄ եւ Իրանի ներկայացուցիչները Բաքու են մեկնել Ալիեւի սպառնալից հայտարարություններից հետո։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: