Հայրիկյան․ «Փաշինյանն ասում է՝ ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, դուք սխալ էիք, որ Ցեղասպանությունը ճանաչեցիք”

  • 10:23 10.01.2025

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ ԵԱԿՀ Մինսկի խումբը լուծարելու մասին Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի առաջարկին։

«Քանի դեռ Արցախի հարցը միջազգայնացված է, մենք կարող ենք հաջողություններ ակնկալել, հակառակ դեպքում՝ արդարացված չեն ակնկալիքները։ Բայց այս չակերտավոր գործիչը, արդեն տեսնելով, որ Հայաստանի մեկուսացումը կամ միայն Ռուսաստանի ու Ադրբեջանի ենթակայության տակ լինելը մեզ համար ամենաողբերգական հետեւանքներն է ունենում, այսօր հայատարարում է, որ Մինսկի խմբից պետք է հրաժարվենք։ Այսինքն՝ միջազգային հանրությունը հատուկ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Արցախի վերաբերյալ ընդունում է որոշում, հատուկ կառույց է ստեղծում՝ գերհզոր երեք պետությունների մասնակցությամբ, իսկ բռնապետ Ալիեւը պահանջում է, որ մենք «տղա չբերենք», բայց ինքը կարող է «տղա բերել», ինքը Հայաստանի ու Արցախի դեմ ոտնձգություններին բերեց Ռուսաստանին եւ Թուրքիային։

Նիկոլ Փաշինյանը մերժեց ուղղակի եւ անուղղակի աջակության առաջարկները։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հակամարտություն չկա, նախապատրաստեց իր նման բթամիտներին՝ քանի որ հակամարտություն չկա, հետեւաբար, հակամարտությունը կարգավորող ուժ պետք չէ։ Որոշ տկարամիտների կարող է թվալ, որ իսկապես դա է ճանապարհը, բայց սիրելիներ, այնտեղ, որտեղ դու ժողովրդավար ես, եւ քո հարեւանը՝ բռնապետ, դա արդեն մեծագույն հակամարտություն է։ Արցախում ցեղասպանություն է իրականացվել, եւ ոչ մի խոսք չկա արցախցիների, Արցախի հարցի ու ինքնորոշման իրավունքի մասին»,- ասաց Հայրիկյանը։

Նա նշեց, որ սա ոչ միայն բռնապետ Ալիեւին ընդառաջելու կեցվածք է, այլ ներկա հնարավոր պայմաններում ամենասխալ դիրքորոշումն է։

Հայրիկյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արեւմտյան Հայաստան չկա։ Ըստ Հայրիկյանի՝ դա պատմության ուրացում է, դա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին, դա նշանակում է՝ մենք այսօր ունենք իշխանություն, որն ասում է՝ Քեմալն ու Լենինը լավ արեցին, որ հարձակվեցին Հայաստանի վրա, կոտորեցին Կարսի բնակչությանը, Հայաստանը բաժանեցին իրար մեջ, ստեղծեցին Նախիջեւան։ Նրա խոսքով՝ թուրքերը հասան այնպիսի հաջողության, որ Նախիեջեւնն այսօր այնքան թուրքական է, որ քննարկվում է «Ադրբեջանից Ադրբեջան կապ ապահովելու հարցը»։ Սա Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունների սխալի հետեւանք է։

«Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մեջ կա հետեւյալը՝ Եվրոպական միություն, ԱՄՆ, Ռուսաստան, դուք սխալ էիք, որ Ցեղասպանությունը ճանաչեցիք, դուք սխալ էիք, որ ճանաչեցիք՝ Թուրքիայում ահավոր մեծ հանցագործություն է կատարվել, եւ դա տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի տարածքում։ Ի՞նչ Վիլսոնի իրավարար վճիռ, ի՞նչ փաստաթղթեր, այդպիսի բան չկա, ես այսօր Քաջ Նազարի բախտով դարձել են ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ եւ սա եմ ասում»,- նշեց Հայրիկյանը։

 

f