Ռուսաստանը միտումնավոր հրաժարվեց պաշտպանել Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգը ապստամբներից՝ խաբելով նաեւ Իրանին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան գեներալներից մեկը՝ Բեհրուզ Էսբաթին հայտարարել է, որ Ասադի վարչակարգի տապալման եւ Իրանի սիրիական քաղաքականության ձախողման մեղավորը Կրեմլն է, հաղորդում է The New York Times-ը։ Թեհրանի մզկիթներից մեկում ելույթի ժամանակ գեներալը խոսել է շատ լուրջ պարտության մասին և մանրամասներ է փոխանցել, թե ինչպես են ռուս զինվորականները տեղեկացրել իրանցիներին, թե իբր հարվածում են «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման շտաբին, որի առաջնորդները ղեկավարում էին հարձակումը Հալեպի և Դամասկոսի վրա։ Իրականում, ըստ Էսբաթիի, ռուսները «ռմբակոծում էին անապատը»։ Դրա շնորհիվ Ասադին ընդդիմադիր ուժերից ընդամենը մեկուկես շաբաթ պահանջվեց Սիրիան վերահսկողության տակ վերցնելու եւ Ասադին տապալելու համար։
Բացի այդ, գեներալի խոսքով, Ռուսաստանն անջատել է որոշ ռադարներ, ինչը թույլ է տվել Իսրայելին հարձակվել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների վրա, գրում է The New York Times-ը։ Ավելացնենք, որ ըստ տարբեր աղբյուրների, ռուսներն իրենք են Իսրայելին փոխանցել իրանական ուժերի տեղակայման վայրեի եւ Ասադի զինանոցի տեղակայման տեղեկությունները, կազմալուծելով սիրիական բանակը։
Իր հերթին, Սիրիայի վտարյալ նախագահ Ասադի նախկին խորհրդականը Al Arabiya լրատվական գործակալությանը հայտնել է, որ Պուտինը միտումնավոր հրաժարվել է աջակցել Սիրիային։ Ասադն անձամբ օգնություն է խնդրել Պուտինից, վերջինս համաձայնվել է։ Օգնությունը պետք է հասցվեր իրանական ինքնաթիռով, սակայն Թեհրանում Ասադին ասել են, որ Մոսկվայից նման հարցում չի ստացվել։ Երբ Ասադը զանգել է Մոսկվա, նրան ոչ ոք չի պատասխանել, հայտնում է Al Arabiya-ն։
Նշենք, որ ինչպես իրանցի գեներալի ու սիրիացի խորհրդականի, այնպես էլ այլ բազմաթիվ աղբյուրների փոխանցած տեղեկություններից ամբողջանում է Սիրիայում տեղի ունեցածի պատկերը։ Մինչ քաղաքագիտական համայնքը իրադարձությունները մեկնաբանում է «Ռուսաստանի թուլության», «Ռուսաստանի համար անակնկալ զարգացումների», «Պուտինին հասցված ապտակի» եւ նման այլ կենցաղային կաղապարների կտրվածքով, ավելի ու ավելի է հաստատվում ՌԴ-Թուրքիա-Իսրայել գործարքը՝ ՌԴ նախաձեռնությամբ ու գետնի վրա օպերատիվ երաշխավորությամբ։
Սիրիայում գործարկվել է «արցախյան սցենարը» նույն այս եռյակի կատարմամբ, թիրախը՝ Իրան, որը դեռ «վայելելու» է Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրք-իսրայելական ահաբեկչական պատերազմին իր «գաղափարական» պահվածքի ու եռյակի ծրագրերին իր հավանության պատճառով։ Այս թեմային կանդրադառնանք առանձին, նկատի առնելով, որ Իրանի դեմ լայնածավալ արշավը սարերի հետեւում չէ՝ Իսրայել-ՌԴ-Թուրքիա եռյակի կատարմամբ։
Տարածաշրջանը վերաձեւվում է ռազմական երկարատեւ դիմակայության միջոցով, ինչից շահելու են այս գործընթացին մասնակցության հայտ ներկայացրած երկրները։ Իսկ թե ինչ է սպասում «խաղաղություն» երազող երկրներին ու ժողովուրդներին, դժվար չէ ենթադրել։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: