Համազգայինի Արցախի գրասենյակ. մենք շարունակում ենք աշխատել, ԱՄՆ Կոնգրեսում լուսանկարների ցուցահանդեսը մեծ հնչեղություն է ունեցել

  • 11:55 11.01.2025

“Համազգային” հայ մշակութային-կրթական միությունը ստեղծվել է 1928թ.։ Կազմակերպության նպատակն է՝ նպաստել հայ ժողովրդի մշակույթի, ավանդույթների և ազգային ինքնության պահպանմանը։ Հայաստանի բազմաթիվ քաղաքներում և Արցախում բացվեցին կազմակերպության ներկայացուցչություններ, որոնք առ այսօր իրականացնում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված մշակույթի  եւ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության զարգացմանը։

«Համազգային հայ մշակութային և կրթական միության Արցախի գրասենյակը այն սակավաթիվ նախաձեռնություններից է, որին հաջողվել է գոյատևել 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո։ Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ մենք չէինք կարող թույլ տալ, որ նման կարևոր նախաձեռնությունը փակվի, և կազմակերպության բարձրագույն ղեկավարությունը որոշեց շարունակել Արցախի գրասենյակի գործունեությունը։

Ներկայումս մենք աշխատում ենք Հայաստանում այլ ներկայացուցչությունների հետ՝ Արցախի երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությամբ մի շարք մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախցիներն այժմ ցրված են ամբողջ Հայաստանում, մենք որոշեցինք մեր ծրագրերը կենտրոնացնել այն քաղաքներում, որտեղ ապրում եմ մեծաթիվ մեր հայրենակիցներ։

Այսպիսով, այս փուլում մեր ծրագրերն ընդգրկում են Գյումրին, Երևանը, Աբովյանը և Մասիսը։ Մասնավորապես, Գյումրիում բացեցինք տիկնիկների պատրաստման խմբակ, որտեղ հաճախում է շուրջ 40 արցախցի երեխա։ Երեխաները կարդում են հեքիաթներ և տիկնիկային ներկայացումներով պատմությունները Արցախի բարբառով կյանքի են կոչում: Մասիսում գործում է ձեռարվեստի խմբակ։ Երեխաները պատրաստում են տարբեր իրեր և մասնակցում ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

Նաև 2020 թվականից մենք իրականացնում ենք Արցախի պատանիների բուհ ընդունվելու անվճար նախապատրաստման ծրագիր։ Այս ծրագիրը որոշակիորեն սոցիալական բնույթ ունի, քանի որ մեր բոլոր ուսուցիչները Արցախից փախստականներ են։

Կազմակերպում ենք նաև տարբեր ցուցահանդեսներ և ֆոտոցուցահանդեսներ, որոնցից կարելի է առանձնացնել Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը։ Նրա լուսանկարներն արվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, և դրանցում հստակ երևում են ադրբեջանական կողմի բազմաթիվ հանցագործությունների հետքեր՝ ինչպես թիկունքում, այնպես էլ առաջնագծում։

Ցուցահանդեսը տեղի է ունեցել Հայաստանում և Արցախում։ Նպատակն էր ցույց տալ իրական պատկերը, թե ինչ էր կատարվում Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ, և գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը։ Այս բոլոր լուսանկարները հետագայում միավորվեցին գրքի մեջ: Այն արտացոլում է ոչ միայն 44-օրյա պատերազմի իրադարձությունները, այլեւ Արցախի շրջափակումը։ «Արցախ. Անավարտ պատերազմ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանում՝ Արցախի ամբողջական օկուպացիայից ու բռնագաղթումից մի քանի օր առաջ։ Գիրքը լույս է տեսել երեք լեզվով։

Շնորհանդեսը լայն հասարակական արձագանք գտավ։ Հայ դատի կենտրոնական գրասենյակը անմիջապես ցանկություն հայտնեց ԱՄՆ-ում կազմակերպել Դավիթի լուսանկարների ցուցահանդես։ Այսպես, Հայ Դատի և ՀՅԴ-ի համատեղ ջանքերով Վաշինգտոնում՝ Կոնգրեսի սրահներից մեկում կայացավ Դավիթ Ղահրամանյանի 7-օրյա լուսանկարչական ցուցահանդեսը, որն ընդգրկում էր ոչ միայն 44-օրյա պատերազմը, այլև շրջափակման և բռնի տեղահանության շրջանը։

Միջոցառման նպատակն էր համաշխարհային հանրությանը ցույց տալ Արցախի ցեղասպանության փաստերը։ Այնուհետև ցուցահանդեսը, որին ներկայացվել է նաև գիրքը, տեղի է ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքներում։ Այդ օրերին Կոնգրեսի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձան ցուցահանդեսի թեմային և ընդգծեցին դրա կարևորությունը։

Մենք համագործակցում ենք բազմաթիվ ստեղծագործ մարդկանց հետ՝ նրանց տրամադրելով տարբեր տեսակի աջակցություն։ Այս տարվա նոյեմբերին կազմակերպվել էր շուշեցի լուսանկարիչ Վլադիմիր Գեւորգյանի ինքնատիպ լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Շուշա քաղաքի ողջ գեղեցկությունն ու կյանքը մարմնավորող լուսանկարներ։

Մեր ուշադրության կենտրոնում են նաև արցախցի գրողներն ու բանաստեղծները, որոնց մասնակցությամբ պարբերաբար տեղի են ունենում գրքերի շնորհանդեսներ, գրական երեկոներ, հանդիպումներ և քննարկումներ։

Նկատի ունենալով, որ Ադրբեջանն ամեն օր ոչնչացնում է Արցախի մշակութային և պատմական ժառանգության հուշարձանները, որոնք գտնվում են օկուպացիայի տակ, մենք ստեղծել ենք հանրագիտարան, որը պարունակում է տեղեկություններ 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու վերահսկողության տակ անցած հուշարձանների մասին։ Այժմ աշխատում ենք հանրագիտարանի երկրորդ մասի վրա, որը ներառում է օկուպացված Արցախի բոլոր հուշարձանները»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում պատմեց Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։

Արսեն Աղաջանյան

f