DW
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հունվարի 11-ին Ուկրաինան փորձել է անօդաչու սարքերի միջոցով հարձակվել Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայանի վրա, որը գազ է մատակարարում «եվրոպական երկրներին» «Թուրքական հոսք»-ով։ «Բոլոր ինը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խոցվել են, զոհեր և ավերածություններ չկան»,- երկուշաբթի օրը՝ հունվարի 13-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Գործակալության տվյալներով՝ «հարձակման փորձը» տեղի է ունեցել «ինը ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ Գայ-Կոձոր գյուղի «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի ենթակառուցվածքի դեմ»։ «Կոմպրեսորային կայանի սպասարկման անձնակազմի շրջանում տուժածներ չկան, վնասներ չկան։ Մեկ անօդաչու թռչող սարքից բեկորների անկման հետևանքով «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի տարածքում գազի չափիչ կայանի շենքը և սարքավորումները փոքր վնասվել են”, հայտնել են նախարարությունից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հունվարի 11-ի առավոտյան իր զեկույցում հայտնել է, որ Կրասնոդարի երկրամասում ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Այդ գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդվել է Անապայի և Նովոռոսիյսկի Telegram ալիքներով: Հրապարակման պահին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը և ուկրաինական իշխանությունները չեն մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարած միջադեպը։