Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության կանոնակարգի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության բալանսավորման առաջին հանգրվանն անցած է։ Ասել կուզի, որ Ռուսաստանից միակողմանի կախվածություն այլեւս չկա, տարածաշրջանում պատերազմների վտանգը սպառված է։ Սակայն ամեն ինչ հակասական է։
Նախ՝ Հայաստանի հետ կանոնակարգը ստորագրել է ԱՄՆ պետքարտողար Բլինքենը, որը 3 օրից այլեւս պետքարտուղար չի լինելու։ Պատահական չէ, որ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ կաշխատեն նաեւ Թրամփի վարչակազմի հետ։
Որքանո՞վ է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը համաձայնեցված Թրամփի վարչակազմի հետ՝ պարզ չէ։ Սակայն կանոնակարգի տեքստը հուշում է, որ այն գրվել է ոչ թե Վաշինգտոնում, այլ Երեւանում կամ մեկ այլ մայրաքաղաքում։ Տեքստի մեջ ներառված են բոլոր այն թեզերը, որոնք Փածինյանը ներկայացնում է որպես «առաջարկ», իսկ Ալիեւը՝ որպես «պահանջ»։
Գնալուց առաջ Բայդենի վարչակազմը պետք է մի քանի հաջող գործ ցույց տա, եւ մեկը՝ Հայաստանը «Ռուսաստանից» կտրելն է։ Հենք այդպես են միջազգային լրատվամիջոցները ներկայացրել կանոնակարգի ստորագրումը։ Ու եթե չստացվի Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնագիրը, ապա Հայաստանի հետ ստորագրված փաստաթուղթը կլինի Բայդենի վարչակազմի «կարապի երգը»։
Փաստաթղի ստորագրման ժամանակ հնչել են մի քանի կոնկրետ նորություն․ փետրվարին Հայաստան կայցելեն մաքսային և սահմանային ծառայությունների ոլորտի ամերիկացի մասնագետները, ռազմական համագործակցությունը կշարունակվի «Արծիվ գործընկեր» համատեղ զորավարժությունների միջոցով, եւ Երեւանը կմիանա միջազգային հակաահաբեկչական կոալիցիային՝ դառնալով նրա 88-րդ անդամը։
Մնացածը՝ Փաշինյանի թեզերն են․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով: Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց:
Այսինքն՝ Ալմա-Աթա, «խաչմերուկ», նույնիսկ Ակադեմիական քաղաք։ Փաշինյանին վերջապես հաջողվեց «լեգիտիմացնել» իր «խաղաղության օրակարգը» նաեւ ԱՄՆ-ում:
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: