«Ապացույցները շատ ուժեղ ու հստակ են հատկապես 44-օրյա պատերազմի համատեքստում»

  • 15:02 16.01.2025

«Ապացույցները շատ ուժեղ ու հստակ են հատկապես 44-օրյա պատերազմի համատեքստում Ադրբեջանի կողմից կատարված խախտումների մասով, որովհետեւ անվիճելի ապացույցներ կան հենց հանցագործների կողմից ներկայացված՝ տեսանյութեր եւ այլն։ Դրանք միանշանակ ցույց են տալիս, որ այդ խախտումները տեղի են ունեցել պետության գործակալների, այսինքն՝ զինծառայողների կողմից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

Նա նշեց, որ 2020 թվականից ի վեր, երբ տարբեր միջազգային հարթակներում հայկական կողմը խոսում է այդ խախտումների մասին, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պատասխանն այն է, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, ապացուցված չէ։ «Այսինքն՝ եթե Հայաստանի կառավարությունը հրաժարվի միջազգային դատարաններ ներկայացրած հայցերից, իրոք, բոլոր ուղիները, ճանապարհները փակվելու են մեզ համար։ Սա նաեւ կարեւոր է հասկանալ միջազգային հանրության արձագանքի տեղանկյունից՝ մենք չենք կարող լինել պահանջատեր մի խնդրի, որից հրաժարվել է մեր կառավարությունը։ Մեզ ասելու են՝ ինչո՞ւ մենք պետք է անենք, եթե ձեր կառավարությունը չի անելու»,- հավելեց նա։

Աննա Մելիքյանը նշեց, որ այս պահին կա 4 միջպետական գանգատ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, մեկը՝ ընդդեմ Թուրքիայի, եւ եւս երկու գանգատ կա ՄԻԵԴ-ում՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի։ Դժվար է կանխատեսել, թե ՄԻԵԴ-ն ինչ որոշում կկայացնի, բայց, անկախ դրանից, Հայաստանի ներկայացված գանգատները բավական հիմնավոր են։

«Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանն է անվանվում ֆաշիստ երկիր։ Հենց երեկ, երբ մեր ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն Բաքվում հայերի ջարդերի մասին, Ադրբեջանի պաշտոնական արձագանքը եղել է այն, որ Հայաստանը ստում է, եւ հենց Հայաստանն է ատելություն քարոզող ու ֆաշիստ երկիր։ Այսինքն՝ սա շատ լավ ցուցիչ է, որ եթե մենք հրաժարվում ենք մեր պահանջից, դա հենց մեր դեմ է օգտագործվելու, ասելու են՝ «տեսեք, մենք 30 տարի ասում էինք, որ Հայաստանը խաբում է ամբողջ աշխարհին, հենց նա է ագրեսորն ու ոճրագործը, իսկ մենք անմեղ տուժած ենք»»,- նշեց նա։

Ըստ Մելիքյանի՝  «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները եւ դրա բովանդակությունը թափանցիկ չէ, այսինքն՝ որեւէ երկխոսություն հասարակության կամ իրավապաշտպան շրջանակների հետ տեղի չի ունենում, որպեսզի հասկանանք՝ արդյոք մարդու իրավունքների գործոնը որեւէ կերպ շոշափվո՞ւմ է այնտեղ։ «Այսինքն՝ եթե մարդու իրավունքների, արդարադատության հարցերը հաշվի չեն առնվում, իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի գործողությունները վկայում են այն մասին, որ որեւէ բան չի փոխվելու մոտ ապագայում, ապա որեւէ երաշխիք չկա, որ պայմանագիրը պահպանվելու է, որ որեւէ խախտում այլեւս չի լինելու։ Այդ պայմանագրի ստորագրմամբ որեւէ խնդիր չի լուծվում, գլխատված մարդկանց ու նրանց ընտանիքների իրավունքները չեն վերականգնվում, գերության մեջ  խոշտանգման ենթարկված անձանց իրավունքները չեն վերականգնվում, շուրջ 150 հազար մարդու իրավունքը չի վերականգնվում վերադարձի իմաստով։ Մենք իրավունք չունենք նույն սխալը կրկնել, սա արդեն երրորդ անգամ կլինի, եթե հաշվի առնենք ցեղասպանութունն ու 1990-ականների ջարդերը։ Այս դատական հայցերը շատ կարեւոր գործիք են լինելու՝ անկախ նրանից քանի տարի կտեւեն, միանգամից կկատարվեն, թե ոչ, բայց գոնե միջազգային հարթակների օրակարգում կպահեն հարցը»,- նշեց Աննա Մելիքյանը։

 

f