Թրամփն առաջարկում է պաղեստինցիներին տեղափոխել Եգիպտոս, Իրանը կոչ է անում իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա

  • 16:58 28.01.2025

Թրամփի վարչակազմը մերձավորարևելյան երկրների հետ քննարկում է Գազայից ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների բռնի տեղահանման և նրանց համար նոր բնակարաններ կառուցելու հեռանկարը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ այս հարցն արդեն բարձրացվել էր Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ զրույցում։ Նույնը շուտով կառաջարկվի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին։

«Այնտեղ (Գազայի հատվածում) բառացիորեն ամեն ինչ ավերված է, գրեթե ամեն ինչ ավերված է, և այնտեղ մարդիկ են մահանում։ Ես կփորձեի աշխատել որոշ արաբական երկրների հետ և այլուր բնակարաններ կառուցել»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողները խնդրեցին ճշտել՝ սա ժամանակավոր վերաբնակեցո՞ւմ է, թե՞ երկարաժամկետ տարբերակ։ «Երկու տարբերակներն էլ հնարավոր են։ Մենք խոսում ենք ինչպես ժամանակավոր, այնպես էլ երկարաժամկետ մասին»,- պարզաբանել է Թրամփը։

«76 տարի անց, որի ընթացքում Գազայի բնակիչների մեծ մասը բռնի պահվել է դժվարին պայմաններում՝ Իսրայել պետությունը կործանելու հույսը պահպանելու համար, հիանալի գաղափար է առաջացել՝ օգնելու նրանց գտնել մի տեղ նոր ու ավելի լավ կյանք սկսելու համար», – ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առաջարկել է իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին հարևան արաբական երկրներ տեղափոխելու առաջարկին։ Sky News-ին տված հարցազրույցում Արաղչին ծաղրել է Թրամփի առաջարկը, որը վրդովմունք է առաջացրել ողջ տարածաշրջանում:

Արցախցիների տեղահանությունը փորձաքար է դարձել հակամարտությունների «կարգավորման» համար. չկա ժողովուրդ՝ չկա հակամարտություն, կարծում են նրանք, ովքեր իրենց մեսիա են երեւակայում և իրավունք վերապահում ամբողջ ժողովուրդների ճակատագիրը որոշելու։ Բայց եթե Արցախի ժողովուրդը մենակ մնաց 2023 թվականի սեպտեմբերի 17-ի «կոնսենսուսի» դեմ, ապա մյուս ժողովուրդներն ավելի պարկեշտ դաշնակիցներ ունեն։

f