Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը ժամանակավորապես բռնազավթված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն: Որպեսզի պարզ լինի, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը, մեկ անգամ ևս հիշեցնենք, որ ամեն շաբաթ մեզ հետ համագործակցող միջազգային գիտական կենտրոնները իրենց մշտադիտարկումներով արձանագրում են երկու հուշարձանի հանդեպ վանդալիզմ կամ ոչնչացում։ Այս մասին գրում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը։
«Այլևս խոսքը չի վերաբերում միայն պատմա-ճարտարապետական հուշարձանների կամ եկեղեցիների ավերմանը. գործ ունենք ամբողջական բնակավայրերի լիակատար ոչնչացման հետ: Արցախի հայկական հետքը վերացվում է ամենօրյա ռեժիմով, և այս հանցագործությունը իրականացվում է պետության ամենաբարձր մակարդակով՝ ուղղակիորեն Իլհամ Ալիևի հրահանգով:
Այս քաղաքականության զոհ են դարձել Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենեսն ու Մարիամաձորը, ինչպես նաև Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում գտնվող պատմական արժեք ներկայացնող կառույցները, որոնց թիվը անընդհատ աճում է: Վառ ապացույցն է https://t.me/ararathau տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված հերթական տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը հիմնովին ավերել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը՝ ոչնչացնելով նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին (https://monumentwatch.org/hy/monument/ծամձորի-սբ․-աստվածածին-եկեղեցին/):
Միջազգային հանրության անգործությունը, համարժեք արձագանքի բացակայությունը և նույնիսկ որոշ երկրների ղեկավարների ապօրինի այցերը բռնազավթված տարածքներ, նրանց ադրբեջանական քարոզչության գործիքներ դարձնելը, վկայում են այն մասին, որ նրանք ոչ միայն աչք են փակում կատարվող հանցագործությունների վրա, այլև դառնում են դրանց ուղղակի կամ անուղղակի հանցակիցները: